Ըստ ինստիտուտի հրապարակման, քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չունեն նշանակալի ռազմական արդյունաբերություն, հարկադրված են սպառազինության գերակշիռ մասը ներմուծել, և 2011-2020 թվականների ընթացքում Բաքուն ներկրել է 3 միլիարդ 274 միլիոն դոլարի սպառազինություն, Հայաստանը՝ 398 միլիոն դոլարի։ Ընդ որում, հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը թվագրված են 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019-ին. միայն այդ տարի Երևանը ներկրել է 248 միլիոն դոլարի սպառազինություն կամ տասը տարվա ընթացքում ներկրվածի 62,3 տոկոսը։
Թե պատերազմի նախապատրաստվող Հայաստանի իշխանությունները ինչու՞ են նման զուսպ կեցվածք դրսևորել տարիներ ի վեր, անշուշտ, առանցքային հարց է։
SIPRI-ի հետազոտողների բերած թվերի համաձայն, 2011-2020թթ. ընթացքում Ադրբեջանին մատակարարած սպառազինության 60,1 տոկոսը եկել է Ռուսաստանից, 26,6 տոկոսը՝ Իսրայելից, 7,1 տոկոսը՝ ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի մեկ այլ դաշնակից Բելառուսից, Թուրքիայից՝ 2,9 տոկոսը, այլ երկրներից՝ 3,3 տոկոսը։
Հայաստանի պարագայում ևս Ռուսաստանն է հիմնական մատակարարը՝ ամբողջ սպառազինության 93,7 տոկոսը ռուսաստանյան է, հաջորդը Հորդանանն է՝ 5,3 տոկոս, երրորդ տեղում Ուկրաինան է՝ 1 տոկոս։
Այսինքն, ըստ հետազոտության, 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարիներին Ռուսաստանը գրեթե երկու միլիարդ (1 միլիարդ 967 միլիոն) դոլարի սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, Բելառուսը՝ ավելի քան 232 միլիոն դոլարի։ Հայաստանին Ռուսաստանը մատակարարել է 372,9 միլիոն դոլարի սպառազինություն։
SIPRI-ի համաձայն, 2011-2020թթ. Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ 2016-ին Մոսկվան Երևանին փոխանցել է «Իսկանդեր» հրթիռային համալիրները՝ 300 կիլոմետր հեռահարությամբ, որոնցից առնվազն մեկը Հայաստանը կիրառել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ 2016-2017 թվականներին Ռուսաստանը մատակարարել է համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգեր, որոնք նույնպես կիրառվել են 44-օրյա պատերազմի ընթացքում։ 2019 թվականին Ռուսաստանից ժամանել են Су-30 СМ չորս կործանիչներ, որոնք, սակայն, ըստ SIPRI-ի, չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Պատճառը չի նշվում։
Նույն ժամանակահատվածում Կրեմլը Ադրբեջանին մատակարարել է հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, տրասնպորտային և հարվածային ուղղաթիռներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանի։ Բոլոր այս զինատեսակները, SIPRI-ի հետազոտողների պնդմամբ, կիրառվել են հայկական ուժերի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Օրինակ, դեռևս 2013-ին մատակարարված «Սմերչ» համակարգերը 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառվել են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի դեմ։
Մոտ տասը տարի առաջ փոխվեց Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում. IHS ավագ վերլուծաբան
Լոնդոնում գործող և ավելի քան հինգ հազար վերլուծաբան ու տվյալագետ ունեցող հանրահայտ IHS վերլուծական ընկերության ԱՊՀ հարցերով ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի խոսքով, մինչև 2010 թվականը ԵԱՀԿ անդամ պետությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջև փոխհամաձայնություն կար մեծաքանակ սպառազինություն չվաճառել Հայաստանին ու Ադրբեջանին՝ ուժերի հավասարակշռությունը չխախտելու և կողմերին բանակցությունների դրդելու համար։ Սակայն մոտավորապես տասը տարի առաջ Կրեմլը խախտեց այդ սկզբունքը և սկսեց զենքի լայնածավալ վաճառքը Բաքվին։
«Եթե նայենք նույն SIPRI-ի տվյալներին, ապա կտեսնենք, որ թռիչքաձև աճ է եղել Ռուսաստանից մատակարարվող զենքերի առումով, և ընդհանրապես Ադրբեջանի սպառազինման հիմնական տարիները սկսվում են մոտ 2010 թվականից և շարունակվում հետագա 5-6 տարում։ Եվ դրա գերակշռող մասը եկել է Ռուսաստանից», - «Ազատության» հետ զրույցում ասաց վերլուծաբանը։
Ըստ Գևորգյանի, սպառազինության մեծածավալ մատակարարումները Ադերբեջանին լավ ցուցիչ են հասկանալու, թե երբ փոխվեց Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում․ - «Մոտ տասը տարի առաջ արդեն ձևավորվում էր այլ դիրքորոշում թե՛ կոնֆլիկտի վերաբերյալ, թե՛ կոնֆլիկտի լուծման վերաբերյալ։ Նաև նշեմ, որ սա համընկավ այսպես կոչված Լավրովի ծրագրի առաջխաղացման հետ։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ 2020 թվականի պատերազմի հիմքերը ըստ էության դրվեցին տասը տարի առաջ, երբ որ այդ հավասարակշռությունը ռազմական առումով խախտվեց»։