Պաշտոնական Մոսկվան «ծայրահեղ մտահոգված է» հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ և կողմերին կոչ է անում՝ զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը։
Այսօր տարածած հաղորդագրությամբ Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է՝ «սերտ կապի մեջ են Բաքվի և Երևանի հետ»։
«Հայաստանի ղեկավարությունից ստացվել է դիմում՝ երկկողմ պայմանագրերին համապատասխան և ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով»,- հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն։
Պաշտոնական Մոսկվան հավելում է՝ Երևանի և Բաքվի միջև վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ մասնավորապես սահմանային հարցերի դեպքում՝ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական փոխգործակցությամբ»,- հայտարարում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։
Մոսկվան հաղորդագրությամբ նաև հայտարարում է, թե «ակնկալում են, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը` Մոսկվայի ժամանակով 9-ից հրադադար հաստատելու մասին, կիրականացվի ամբողջությամբ»։
Ու մինչ Մոսկվան հրադադարի պահպանման հույս է հայտնում, կողմերը այդ մասին ոչինչ չեն հայտարարել, ավելին`Մոսկվայի ժամանակով 9-ից, իսկ Երևանի ժամանակով 10-ից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդամենը հայտարարեց կրակի ինտենսիվության նվազման մասին: