Մատչելիության հղումներ

Միրզոյանը Լավրովին հեռախոսով տեղեկացրել է Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը


Սեպտեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեկնարկած լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակը։

Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերն, այդ թվում՝ Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելու մասին՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու և դրա հետևանքները վերացնելու նպատակով։

Սա Միրզոյանի այսօր արդեն երկրորդ հեռախոսազրույցն է Լավրովի հետ․ երկու երկրների արտգործնախարարները զրուցել էին նաև լուսադեմին։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

Փաշինյանն այսօր ազգային ժողովում հայտարարեց, որ հայկական կողմն առնվազն 49 զոհ ունի։

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ը ՀՀ դիմումի առիթով մշտական խորհրդի նիստ է գումարել։

XS
SM
MD
LG