Մատչելիության հղումներ

Բաքուն Երևանին է մեղադրում


Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներին է ներկայացրել իրավիճակը հայ - ադրբեջանական սահմանին:

Պաշտոնական Բաքուն Հայաստանին մեղադրում է «սադրանքների և մի քանի ուղղություններով կրակ բացելու» մեջ՝ պնդելով, թե «Երևանը այսպիսով փորձում է ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ այդ կերպ դանդաղեցնելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման լայնածավալ աշխատանքները»:

«Միջազգային ներկայացուցիչներին տեղեկացվել է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ՝ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի, ինչպես նաև երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման համար աշխատանքներ սկսելու ճանապարհով», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի արտգործնախարարությունը ևս հայտարարություն է տարածել՝ հայկական կողմին մեղադրելով «իրավիճակի սրման և իրադրության ապակայունացման համար»:

«Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում էր կարգավորման գործընթացը, ապակառուցողական դիրքորոշում էր ցուցաբերում միջազգային ջանքերով անցկացվող բանակցությունների նկատմամբ, զինված միավորումները դուրս չէր բերում Ադրբեջանի տարածքից՝ ի հեճուկս եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների և ձեռք բերված համաձայնությունների, ինչպես նաև շարունակել է ականներ տեղադրել, այդ թվում՝ վերջերս Լաչինի տարածքում:

Հաղորդակցական ու տրանսպորտային ուղիների բացման համար Հայաստանի կողմից նոր նախապայմանների առաջ քաշումը և գործընթացի ձախողումը, ինչպես նաև խաղաղության օրակարգից հրաժարվելն ի ցույց է դնում, որ Հայաստանը հետաքրքրված չէ խաղաղության գործընթացում և նպատակ ունի հարված հասցնել դրան», - ասված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG