Հայաստանի դիմումի առիթով այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ, Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ 1997 թվականի «Բարեկամության փոխօգնության մասին» պայմանագրի հիման վրա դիմել են Ռուսաստանին և որոշում են կայացրել դիմել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ իրավիճակը հրատապության կարգով քննարկելու համար։
Ռուսաստանին և միջազգային կառույցներին դիմելու որոշում է կայացվել Անվտանգության խորհրդի գիշերը կայացած նիստում, որտեղ քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:
Նիստը շարունակվել է մինչև լուսաբաց։ Նիստին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։
Փաշինյանն այսօր ազգային ժողովում հայտարարեց, որ հայկական կողմն առնվազն 49 զոհ ունի։