Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին լարվածության առնչությամբ և երկու կողմերին կոչ է արել լուծել վեճերը խաղաղ ճանապարհով։
Զսպվածության և երկու երկրների միջև վեճերը խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքի հիման վրա լուծելու կոչ անելով՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանի համար անթույլատրելի է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններում որևէ փոփոխություն։
Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադրությամբ հետևում է այս հարցի հետ կապված զարգացումներին, Քանանին ընդգծել է երկու երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։
Նա նաև հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ ցանկացած օգնություն ցուցաբերելու երկու հարևան երկրների միջև վեճերը լուծելու համար։