Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանի դղյակի շուրջ կատարվողը հեղափոխությունից հետո իրավապահ ոլորտը չբարեփոխելու հետևանքներից մեկն է միայն. Սաքունց


Իրավապաշտպան Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունց

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատան կասկածելի վաճառքից հինգ ամիս է անցել, սակայն գործը քննող Ազգային անվտանգության ծառայությունը մինչև այժմ որևէ կասկածյալ կամ մեղադրյալ չունի։ Քննիչները դեռ չեն մանրամասնում, թե ինչ են արել՝ պարզելու, թե որ պաշտոնյան է չարաշահել լիազորությունները, ինչի հետևանքով է քրեական գործով անցնող դղյակը հանվել արգելանքից ու վաճառվել մի քանի օրում։

Մինչդեռ ամիսներ առաջ էլ հայտնի էր, որ գործարքի պատճառ է դարձել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, փաստում է «Թրանսփարենսի ինթերնեյշընըլի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը. - «Հինգ ամսվա ընթացքում կամ պետք ա կարճվեր, կամ էլ հստակ որոշվեր` մեղավորություն ունեցող անձինք կա՞ն։ Եթե մեղավոր անձինք կան, մեղադրանք առաջադրվեր։ Ամեն դեպքում բնական է, որ էդ գործընթացի մեջ միշտ էլ դիտարկվել է քաղաքական բաղադրիչը, էնպես որ հստակ պատասխանել, թե ինչն է պատճառը, պետք է ուսումնասիրել քրեական գործի նյութերը։ Բայց ժամկետի հետ կապված նորից կրկնեմ, որ դա բավարար ժամկետ է հասկանալու համար, թե քննիչի մեղավորությունը կա՞ էդ հարցում, թե՞ ոչ»։

Աբրահամյանների՝ Ազգային ժողովի նմանությամբ կառուցված առանձնատունը արգելանքի տակ էր 2020-ից։ Դատախազությունը քննում էր՝ ինչ միջոցներով և ինչպես է նախկին վարչապետն այն կառուցել։ Քննությունը չավարտված՝ Աբրահամյանի որդին բողոքարկել էր արգելանքի որոշումն ու դատարանով հանել տունը կալանքից։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը շտապել էր դատարանի որոշումն ուղարկել Կադաստրի կոմիտե՝ չսպասելով դատախազության բողոքարկմանը։ Արդյունքում Աբրահամյաններին հաջողվել էր ընդամենը երկու շաբաթում 5 միլիոն դոլարով վաճառել առանձնատունը։ Դատախազությունը հեռացրել էր քննիչին այս գործից։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, պնդում է՝ այս պատմության մեջ միակ թերացողը քննիչը չէ. - «Սրա մեջ անպայման պետք է ներգրավված լինեն հսկող դատախազը կամ դատախազությունը։ Եթե դատախազությունը հայտնում է, որ տեղյակ չի եղել, դրա մասին պետք է քննությամբ պարզել։ Որովհետև քննիչն ինքնագլուխ նման որոշում կայացնելու համար պետք է ունենա լուրջ հովանավորություն հենց նույն դատախազության կողմից կամ քաղաքական իշխանության կողմից»։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Աբրահամյանների դղյակի վաճառքից հետո հրապարակավ մեղադրեց Հակակոռուպցիոն կոմիտեին այս հարցում շտապ որոշումներ կայացնելու համար. - «Այժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել։ Մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»:

Արձագանքելով դատախազին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն պնդել էր, թե ամեն ինչ արվել է օրենքով, քննիչը պարտավոր էր կատարել ուժի մեջ մտած որոշումը։

Հայտնի է, որ քրեական գործ է հարուցվել, գործը քննող քննիչը հեռացվել է այդ քննությունից, բայց շարունակում է աշխատել նույն համակարգում։ Փոխարենը հստակ չէ՝ արդյո՞ք անցած հինգ ամսում իրավապահները կալանք են դրել տան վաճառքից ստացված 5 միլիոն դոլարի վրա, թե՞ թույլ են տվել, որ նախկին վարչապետը նաև դա հանգիստ տնօրինի։ Դատախազությունը ամիսներ առաջ դեռ հայտարարում էր՝ այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն։ Արդյունքների մասին, սակայն, ոչինչ չի հաղորդվում։

Իրավապաշտպանն ընդգծում է՝ սա հեղափոխությունից հետո իրավապահ ոլորտը չբարեփոխելու հետևանքներից մեկն է միայն. - «Առանց իմ նշած հովանավորության, լուրջ հովանավորության, քննիչը չէր կարող գնալ նման քայլի։ Եվ դա հիմնավորում եմ այն փաստով, որ քննիչը հիմա աշխատում է։ Թե ինչու համար է դա արվել, ինչ շարժառիթներ են եղել նման գործողություն կատարելու համար, պետք է քննության առարկա դառնա։ Բայց քանի որ քննիչը շարունակում է աշխատել, դա նշանակում է, որ քննիչը շարունակում է ունենալ այն հովանավորությունը։ Կամ այդ հովանավորությունն այնքան լուրջ է, որ շարունակում է աշխատել , և դա այն նույն հովանավորությունն է, որը քննիչը ունեցել է նման միանձնյա կամ ինքնագլուխ որոշում կայացնելու համար»։

Մայրաքաղաքի երբեմնի կանաչ Հաղթանակի զբոսայգին շքեղ առանձնատների վերածելու քրեական գործը հարուցվեց հեղափոխությունից հետո։ Վարչապետ Փաշինյանը քննադատել էր նախկին պաշտոնյաներին՝ այգին մաս-մաս անելու համար՝ այգին որակելով որպես «կոռուպցիայի թանգարան բաց երկնքի տակ»: Սակայն, այս գործով ևս մինչ օրս որևէ մեղադրայլ չկա, այնինչ այնտեղ Հովիկ Աբրահամյանից բացի, շքեղ առանձնատներն էին կառուցել Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանն ու տասնյակ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ու գեներալներ։

XS
SM
MD
LG