Մատչելիության հղումներ

Անկարան դարձյալ զգուշացնում ու սպառնում է Աթենքին


Չավուշօղլու և Էրդողան
Չավուշօղլու և Էրդողան

Անկարան դարձյալ զգուշացնում է Աթենքին արկածախնդրության չգնալ, այլապես սպառնում է հետևանքներով։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը 101 տարի առաջ Սաքարիայի ճակատամարտում հունական բանակի դեմ հաղթանակի տարելիցի միջոցառմանը:

«Եթե դուք արկածախնդրության եք դիմում ուրիշների հաշվին, ինչպես նախկինում է եղել, այսօր էլ հետևանքներ կկրեք: Սա նախազգուշացում է մեր հարևան Հունաստանին» - հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն:

Հիշեցնելով մեկ դար առաջ թուրքական բանակի հաջողությունները՝ Չավուշօղլուն շեշտել է, որ չնայած այսօր աշխարհաքաղաքական այլ իրավիճակ է, սակայն իրենց վճռականությունը նույնն է. - «Այդ պատճառով, թող բոլորը խելքը գլուխը հավաքեն: Սա հատկապես Հունաստանին է վերաբերվում։ Ուրիշների ձեռքին խաղալիք մի դարձեք, սադրանքները մի շարունակեք, քանի որ Թուրքիայի բարեկամությունը հին է, իսկ թշնամությունն՝ ահավոր: Մի' մոռացեք սա»:

Թուրք - հունական հերթական լարվածությունը չի մարում արդեն շաբաթներ շարունակ։ Անկարան ՆԱՏՕ-ում իր դաշնակցին մեղադրում է թուրքական F-16 ինքնաթիռների նկատմամբ հակահրթիռային պաշտպանական համակարգեր կիրառելու և արևելյան Միջերկրականում ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող ինքնաթիռների աշխատանքը խոչընդոտելու համար: Շաբաթ օրն էլ Թուրքիան հաղորդեց Էգեյան ծովում նոր միջադեպի մասին՝ հայտնելով, թե ափերի անվտանգությունը ապահովող հունական ստորաբաժանումները կրակ են բացել Կոմորյան կղզիների դրոշով թուրքական բեռնանավի ուղղությամբ:

Հունաստանը հերքում է բոլոր մեղադրանքները: Այս ընթացքում Անկարան ու Աթենքը նամակներ են հղել ՆԱՏՕ, ԵՄ և ՄԱԿ` փոխադարձաբար իրար մեղադրելով միմյանց օդային սահմանները խախտելու ու սադրելու համար: Ե'վ Թուրքիան, և' Հունաստանը արևմտյան կառույցներին հորդորել էին միջոցներ ձեռնարկել աճող լարվածությունը կանխելու համար:

Անկարայից հնչող սպառնալիքների ֆոնին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երեկ հայտարարել է, որ բաց է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման համար, և ուրախ է, որ նման առիթ կարող է լինել: Նա նշել է, որ Պրահան լավ հարթակ է նման հանդիպման համար՝ նկատի ունենալով հոկտեմբերի սկզբին Չեխիայի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության առաջին գագաթնաժողովը:

Անցած շաբաթ Թուրքիայի նախագահը սպառնացել էր Հունաստանին՝ հիշեցնելով պատմական ոչ վաղ անցյալը: Էրդողանը զգուշացրել էր՝ եթե Աթենքը չվերանայի իր քաղաքականությունը Անկարայի նկատմամբ, «մի գիշեր հանկարծակի կարող են գալ». - «Մենք միայն մի խոսք ունենք Հունաստանին ասելու: Մի' մոռացեք Իզմիրը: Հոգ չէ, որ դուք օկուպացրել եք կղզիները: Երբ ժամանակն ու ժամը գա, մենք ինչ որ պետք է կանենք: Ինչպես ասում ենք՝ մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»:

Ի պատասխան Միցոտակիսը հայտարարել է, որ Էրդողանի խոսքերն անընդունելի են. - «Ոչ, պարոն Էրդողան, խուլիգանությունը տեղ չունի»:

Ընդ որում, հույն վարչապետն իր խոսքում օգագործել է թուրքերեն «յոք» («ոչ»)՝ ոչ բառը։

Միցոտակիսի համոզմամբ, Թուրքիայում որքան մոտենում են հաջորդ տարվա ընտրութունները, այնքան երկրում մեծանում է լարվածությունն ու ազգայնական տրամադրությունները: Հունաստանի առաջնորդը սակայն կարծիք է հայտնել, որ այս լարվածությունը չի կարող հանգեցնել զինված առճակատման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG