Մատչելիության հղումներ

Թուրքիան պնդում է, թե Հունաստանն իր դեմ թշնամական գործողություն է իրականացրել


Անկարան մտադիր է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և բոլոր դաշնակիցներին ուղարկել թուրքական ինքնաթիռների հետապնդման տեսագրությունները: Թուրքիան պնդում է, որ ՆԱՏՕ-ում իր դաշնակից Հունաստանը անցած շաբաթ Միջերկրական ծովի վրա միջազգային օդային տարածքում ռուսական S-300 հակաօդային պաշտպանության համակարգով հետապնդել է թուրքական F-16 ինքնաթիռներին։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, թե դեպքն արձանագրվել է Հռոդոս կղզու արևմուտքում մոտ 3 կմ բարձրության վրա: Անկարան պնդում է, թե հունական կողմը միտումնավոր կերպով խոչընդոտել է Արևելյան Միջերկրականում ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող թուրքական ինքնաթիռների աշխատանքը: Աթենքը հերքում է այս բոլոր մեղադրանքները։

«Հունական S-300 համակարգերը երբեք չեն հետապնդել թուրքական F-16-ը»,- Հունաստանի հանրային հեռուստաընկերությանը փոխանցել են այդ երկրի ռազմական գերատեսչությունից՝ ընդգծելով, որ նման հետապնդումներ հունական ռազմական ինքնաթիռները իրականացնում են միայն միջազգային կանոններին համապատասխան։

Թուրքիան մինչդեռ պնդում է, որ Հունաստանը ՆԱՏՕ-ի կանոններով թշնամական գործողություն է իրականացրել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Հունաստանը մարտահրավեր է նետում ոչ թե Թուրքիային, այլ ուղղակիորեն Հյուսիսատլանտյան դաշինքին. - «Որևէ երկրի ինքնաթիռին հետապնդելը թշնամական վերաբերմունք է: Առավել ևս, եթե այդ ինքնաթիռը ՆԱՏՕ-ի առաքելությունն է իրականացնում, ապա այդ թշնամությունը ուղղակիորեն ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին է ուղղված: Հունաստանը մեր օդային սահմանների խախտումներից և ինքնաթիռների հետապնդումից սկսելով և իր թշնամական արարքները հասցնելով S-300 կիրառելու մակարդակի՝ իրականում ոչ թե մեզ, այլ ՆԱՏՕ-ին և դաշնակիցներին է մարտահրավեր նետում, եթե այդքան կարողություն և ուժ ունի»:

Ավելին, Էրդողանը ասել է, թե Հունաստանը ոչ տնտեսապես, ոչ էլ քաղաքական կշռով Թուրքիային հավասարազոր չէ: Ընդ որում, այս հայտարարություններն Էրդողանը արել է հույների նկատմամբ թուրքական բանակի հաղթանակի 100-րդ տարելիցի միջոցառման ժամանակ: Թուրքիայի առաջնորդը նաև դժգոհել է ԱՄՆ-ի կողմնակալ քաղաքականությունից դաշինքի անդամների նկատմամբ: Էրդողանը հիշեցրել է, որ Վաշինգտոնը հրաժարվում է Թուրքիային F-35 նոր սերնդի կործանիչներ վաճառել՝ պատճառաբանելով իրենց գնած ռուսական S-400 համակարգերը: Սակայն նույն ԱՄՆ-ը աչք է փակում ՆԱՏՕ-ի մյուս անդամ Հունաստանի կողմից S-300-ների կիրառման վրա:

«Հիմա հետաքրքրությամբ սպասում ենք, թե ԱՄՆ ինչպես է հակադարձելու ՆԱՏՕ-ի օդուժի նկատմամբ S-300-ների գործողություններին: Ավելին, ԱՄՆ-ը Հունաստանին նվիրելով մեզ չտված F-35 կործանիչները, իր ձեռքով այդ ինքնաթիռները հավասարեցնում է S-400-ի հետ: Մենք խոսք էինք տվել, որ այս երկու զենքերը երբեք միևնույն համակարգում չէիք կիրառելու: Բայց ոչ ոք թող չկասկածի, որ ոչ մի օրենք ու նորմեր չճանաչող Հունաստանը կանի այդ անամոթությունը», - ասել է նա:

Տևական ժամանակ է Անկարան փորձում է համաձայնության գալ Վաշինգտոնի հետ ամերիկյան F-16 կործանիչների գնման և իր զինանոցում արդեն առկա ինքնաթիռների արդիականացման հարցում: Իսկ Հունաստանը մեկ քայլ առաջ է, քանի որ արդեն դիմել է ԱՄՆ-ին հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ գնելու հարցով, ինչպես նաև պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը իր F-16-ներն արդիականացնելու համար:

Թուրքական Անադոլու գործակալությունը, հղում անելով պաշտպանության նախարարությանը տվյալներին, որ այս տարվա ընթացքում Հուաստանին պատկանող ռազմական ինքնաթիռները 256 անգամ խախտել են Թուրքիայի օդային սահմանը, 158 անգամ՝ հետապնդել թուրքական ինքնաթռիռներին: Բացի այդ, ափերի անվտանգությանը հետևող հունական նավերը 33 անգամ խախտել են թուրքական ջրային սահմանները:

Անկարայի և Աթենքի միջև հիմնական վեճերը Կրետե կղզու և Կիպրոսի միջև ընկած էներգետիկ ռեսուրսներով հարուստ ծովային տարածքների պատկանելության շուրջ են։ Թուրքիային նաև մտահոգում է հունական կղզիների վերազինումը, իսկ Հունաստանն իր գործողությունները ինքնապաշտպանական է համարում:

XS
SM
MD
LG