Մատչելիության հղումներ

Ուկրաինան այսօր հայտարարել է Խարկովի մարզում ավելի քան 20 նոր բնակավայր ազատագրելու մասին


Ուկրաինան այսօր հայտարարել է, թե գրավել է ևս մի քանի գյուղ՝ ռուսական ուժերին հետ մղելով դեպի հյուսիս-արևելյան սահման։ Սա Կիևի հակահարձակման հերթական հաջողությունն է, որն անցած օրերին ստիպել է Մոսկվային զորքերը դուրս բերել մինչ այդ գրաված որոշ շրջաններից։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Ալեքսանդր Շտուպունը այսօր խոսել է գրավված տարածքներից ռուսների արագ փախուստի մասին․ - «Խարկովի և Դոնեցկի մարզերում ռուս զավթիչներից բնակավայրերի ազատագրումը շարունակվում է: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նահանջի ժամանակ ռուսական զորքերը արագորեն լքել են իրենց դիրքերը և փախել ժամանակավորապես օկուպացված տարածքներ կամ Ռուսաստանի Դաշնության տարածքներ: Այդ միտումը պահպանվում է»։

Ուկրաինայից ստացվող հաղթական այս նորությունների ֆոնին Կրեմլն այսօր նորից հայտարարել է, թե կանգ առնելու մտադրություն չունի։ «Ռազմական գործողության բոլոր նպատակները իրագործվելու են», - ասել է նախագահ Պուտինի մամուլի քարտուղարը, երբ լրագրողները հարցրել են Խարկովի մարզից ռուսական զորքերը դուրս բերելու մասին։ Այլ մանրամասներ Դմիտրի Պեսկովը չի հայտնել։

Մինչդեռ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հղում անելով Պուտինին, խոսել է բանակցությունների մասին՝ շեշտելով, թե հետո ավելի բարդ կլինի նստել բանակցային սեղանի շուրջը. - «Ինչքան երկար ձգձգվի գործընթացը, այնքան Ռուսաստանի և Ուկրաինայի համար դժվար կլինի համաձայնության գալ խաղաղության շուրջ» ։

Ուկրաինայի նախագահը, սակայն, նախօրեին CNN-ի տված հարցազրույցում կրկին հայտարարել է, թե այս փուլում պատրաստ չէ բանակցել Վլադիմիր Պուտինի հետ։ Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագիր կարող է կնքվել օկուպացված ուկրաինական տարածքների ազատագրումից հետո միայն։

Զելենսկու հարցազրույցը հրապարակվել է Խարկովի մարզում ուկրաինացի զինվորականների հաջողությունների ֆոնին։ Անցած շաբաթ մի քանի օրվա ընթացքում նրանց հաջողվեց ազատագրել Խարկովի մարզի ռուսական ուժերի վերահսկողւթյան տակ անցած տարածքը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նահանջն անվանել էր «զորքերի տեղափոխման գործողություն»:

Մինդեռ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտարարել է ավելի քան 20 նոր բնակավայրեր Խարկովի մարզում ազատգրելու և Խերսոնի ուղղությամբ հակահարձակումը շարունակելու մասին։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները բեկումնային են որակում այս հաջողությունը, որոշ առումով՝ նաև անսպասելի։ Նրանք միաժամանակ ընդգծում են, որ պատերազմի մոտալուտ ավարտ դեռևս վաղ է ակնկալել։

Կատաղի մարտերը շարունակվում են, ընդ որում, կրակի է տակ է ոչ միայն ուկրաինական տարածքը, այլ նաև Ռուսաստանի Կուրսկի մարզը։ Նահանգապետ Ռոման Ստարովոյտը այսօր հայտարարել է Ուկրաինային սահմանակից Տետկինո գյուղի գնդակոծման մասին։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական հակահարձակումը, որի ընթացքում ուկարինական կողմը ազատագրել է մոտ 3000 քառ. կմ տարածք, անցել է «սպասվածից լավ»։ Սա նշան է, որ Ռուսաստանին կարելի է հաղթել»։

Շարքային ուկրաինացիներն էլ են դրանում վստահ։

«Մենք ուրախ ենք մեր երկրի ազատագրմամբ։ Ես շատ գոհ եմ, որ մեր զինված ուժերն ազատագրում են մեր տարածքները։ Սա շատ դրական բան է»։

«Ես դրական եմ վերաբերվում հակահարձակմանը և կցանկանայի, որ այն շարունակվեր այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի ողջ տարածքն ազատագրված չլինի»։

Ռուսական կողմը Խարկովում նահանջից հետո ավելի ինտենսիվ է սկսել հրթիռակոծել ուկրաինական բնակավայրերը, ընդ որում ՝ հարվածներ հասցնելով նաև կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ջերմաէլեկտակայաններին, դրանով իսկ զրկելով Ուկրաինայի հինգ մարզերի բնակիչներին լույսից, որոշ շրջաններում՝ նաև ջրից։

Այսօր առավոտյան Խարկովում ավերիչ գնդակոծությունից հետո, քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով, հնարավոր է եղել վերականգնել ջրամատակարարումը, ինչպես նաև մետրոյի և վերգետնյա տրանսպորտի աշխատանքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը սակայն էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին ոչինչ չի հայտարարել։

Թեև ռուսական կողմը պաշտոնապես նահանջը հայտարարել է զորքերի վերադասավորում, Մոսկվայում խոսում է են ռուսատսանի ղեկավարության և բանակի համար դժվար օրերի մասին։

Պատրիարք Կիրիլը այսօր հորդորել է ռուսներին աղոթել Պուտինի, զորահրամանատարների համար այս «դժվար պահին»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG