Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Կրեմլը` նշելով, որ այն կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնն անդրադարձել են Ուկրաինայում տիրող իրավիճակին` շեշտը դնելով Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման վրա։
Ռուսաստանի նախագահը, ըստ հաղորդման, տեղեկացրել է կայանի ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար ռուս մասնագետների ձեռնարկած միջոցառումների մասին և ընդգծել «Կիևի իշխանությունների վրա ազդելու անհրաժեշտությունը, որպեսզի կայանի հրետակոծությունն անմիջապես դադարեցվի»։ Երկու երկրների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել ՄԱԳԱՏԷ-ի մասնակցությամբ ԶԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ չքաղաքականացված փոխգործակցության համար։
Համաշխարհային պարենային անվտանգության խնդիրները քննարկելիս հաստատվել է այն դիրքորոշումը, որ սևծովյան նավահանգիստներից արտահանվող հացահատիկը պետք է առաջին հերթին ուղղվի զարգացող երկրների կարիքներին, ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: