Մատչելիության հղումներ

Թուրքիան ցանկանում է ճանապարհ հարթել նաև ռուսական հացահատիկի արտահանման համար


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ճանապարհ հարթել նաև ռուսական հացահատիկի արտահանման համար Ուկրաինայի հետ ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում։

«Հուսով եմ, որ մենք կարող ենք որքան հնարավոր է շուտ սկսել հացահատիկի առաքումը նաև ռուսական կողմից և տեսնել, որ այդ հացահատիկը առաքվում է իսկապես աղքատ երկրներ», - հայտարարել է Էրդողանը` հավելելով, որ հարցը պատրաստվում է հաջորդ շաբաթ ռուսաստանցի պաշտոնակցի հետ քննարկել Ուզբեկստանում։

Ուկրաինան և Ռուսաստանը հուլիսին համաձայնագիր են ստորագրել ուկրաինական երեք նավահանգիստներից հացահատիկի արտահանման շուրջ։ Գործարքը նախատեսում է նաև ռուսական ցորենի ու պարարտանյութի արտահանում, ինչը, սակայն, առայժմ հետաձգվում է:

Արձագանքելով Պուտինի պնդմանը, թե ուկրաինական նավահանգիստներից հացահատիկը ուղարկվում է եվրոպացի սպառողներին, Էրդողանը ասել է․ «Պարոն Պուտինն իրավացի է` հացահատիկային միջանցքով առաքումներ են իրականացվում ոչ թե աղքատ երկրներ, այլ հիմնականում՝ զարգացած»։

Արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնական տվյալները, հայտնում են, որ սեպտեմբերի 8-ի դրությամբ ընդհանուր առմամբ 105 նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից՝ 2,3 միլիոն տոննա հացահատիկ և այլ սննդամթերք տեղափոխելով համաշխարհային շուկաներ։ DPA-ի տվյալներով` ուկրաինական պարենի ավելի քան 43%-ն ուղղվել է բարձր եկամուտ ունեցող երկրներին, այդ թվում՝ Իսպանիային, Իտալիային, Հարավային Կորեային, Նիդեռլանդներին, Գերմանիային:

XS
SM
MD
LG