Ուկրաինական հացահատիկի՝ պատերազմի մեկնարկից ի վեր առաջին խմբաքանակը ծովով հասել է Աֆրիկա։ BBC-ի փոխանցմամբ՝ մոտ 23 հազար տոննա ցորենը Ջիբութի նավահանգիստ է հասել Լիբանանի դրոշի ներքո՝ հետագայում Եթովպիա առաքելու նպատակով:
Նավը ուկրաինական Յուժնի նավահանգստից դուրս էր եկել օգոստոսի 16-ին: Ջիբութի հասած ցորենի խմբաքանակի առաքումը վճարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։ Գործակալության հաշվարկներով՝ մոտ մեկ շաբաթ կպահանջվի, որպեսզի ցորենը փաթեթավորվի և ցամաքով տեղափոխվի Եթովպիա, որտեղ 20 միլիոն մարդ պարենային աջակցության կարիք ունի։
Ուկրաինայի կողմից վերահսկվող սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանումը հնարավոր դարձավ անցյալ ամիս Ստամբուլում ՄԱԿ-ի միջնորդությամբ հակամարտող կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ։