Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի իր գործընկեր, Ռուսասատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց էին ունեցել սեպտեմբերի 2-ին։ Կողմերը քննարկել էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները, անդրադարձել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Լավրովն ու Միրզոյանը պայմանավորվել էին առաջիկայում շարունակել շփումները։
Լավրով-Միրզոյան վերջին հանդիպումը Երևանում էր հունիսի 9-ին։ Ռուսաստանի արտգործնախարարը Երևան էր ժամանել Անկարայից, որտեղ բանակցություններ էր վարել իր թուրք պաշտոնակցի հետ:
Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրեց, որ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն էլ աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։
Որպես նախարար սա Պապիկյանի առաջին այցն է Միացյալ Նահանգներ։ Թե ինչ նպատակով է Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն ԱՄՆ-ում և ինչ հանդիպումներ են նախատեսված, նախարարությունը չի մանրամասնում։