Մատչելիության հղումներ

«Այսպես չի կարող շարունակվել». Ռաֆայել Գրոսսի


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին հաջողվեց երեկ հասնել ռուսական զորքերի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայան և առաջին ստուգումներն անցկացնել։

Կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսսին տեղում մի քանի ժամ է անկացրել, ու արդեն վերադարձել է ուկրաինական զորքերի վերահսկողւթյան տակ գտնվող տարածք։ Իսկ փորձագետները տեղում կմնան երկու օր, ինչից հետո կորոշվի նրանց մշտական ներկայության հարցը։

«Ավարտում եմ իմ առաջին այցը Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայան։ Իհարկե դեռ շատ բան կա անելու, մեր առաքելությունն այստեղ է մնալու», - ասել է նա։

Գրոսիի խոսքով, կայանի ֆիզիկական ամբողջականությունը մի քանի տեղում խախտվել է՝ շեշտելով. - «Այսպես չի կարող շարունակվել»։

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահը երեկ բողոքել էր, որ ռուսական կողմը անկախ լրագրողներին թույլ չի տվել միջազգային առաքելության հետ այցելել ատոմակայան. - «Ցավոք, օկուպանտները լրագրողներին ներս չթողեցին, այլ կազմակերպեցին իրենց քարոզիչների զանգվածային հավաք։ Ցավոք, միջազգային կազմակերպության ներկայացուցիչները չպաշտպանեցին անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին»։

Գրոսսին այսօր ասել է, որ գործակալության փորձագետները կտրամադրեն «անաչառ, չեզոք և տեխնիկապես հիմնավոր գնահատական այն մասին, թե ինչ է կատարվում կայանում»։

Բացի դրանից, Գրոսսին խոսել է Զապորոժիեի ատոմակայանի տարածքում գնդակոծության մասին, որին ականատես է եղել ։

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են մեղադրում են կայանի և դրան հարող Էներգոդար քաղաքը հրթիռակոծելու համար։

Անցած օրը հրթիռակոծվել և ռմբակոծվել են Ուկրաինայի այլ բնակավայրեր ևս, մասնավորապես՝ Խարկովը, Դոնեցկի մարզը, որտեղ տասը մարդ է զոհվել, Նիկոլաևը, Նիկոպոլը և Բախմուտը։

Բի-Բի-Սի-ին, հիմնվելով բաց աղբյուրների վրա, հաջողվել է բացահայտել ուկրաինական պատերազմում զոհված ավելի քան 6020 ռուս զինվորի ինքնությունը։ Հատկապես տուժել են հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև կրտսեր սպաները։ Վերջին անգամ իր կորուստների մասին ռուսական կողմը հայտնել է կես տարի առաջ՝ մարտին;

Այսօր հայտնի է դարձել գերիների նոր փոխանակման մասին։ Կիևը ստացել է 14 ուկրաինացիների, իսկ թե քանի ռուս զինվորի հետ են նրանք փոխանակվել, չի հաղորդվում։ Փոխանակումը տեղի է ունեցել Դոնցկի մարզում։

Այսօր պետք չէ բանակցությունների գնալ ռուսների հետ. Ֆրենսիս Ֆուկույամա

Աշխարհի ամենահայտնի քաղաքագետներից մեկը՝ Սթենֆորդի համալսարանի Ժողովրդավարության և օրենքի գերակայության զարգացման կենտրոնի տնօրեն Ֆրենսիս Ֆուկույամայի կարծիքով, ռուսների հետ այսօր պետք չէ գնալ բանակցությունների։ Հայտնի քաղաքագետի կարծիքով, ուկրաինական կողմը նախ պետք է դուրս մղի ռուսական բանակը սեփական երկրից. - «Եվ ես կարծում եմ, որ դա իսկապես հնարավոր է անել։ Հենց դա տեղի ունենա, այն ժամանակ կարող եք սկսել դիտարկել Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավորությունը։ Որովհետև երբ Ռուսաստանն ամբողջությամբ ձախողի իր սկզբնական ծրագրերը, նրանց բանակն արդեն ջախջախված կլինի, նրանք կարող են պատրաստ լինել խնդրի երկարաժամկետ խաղաղ լուծմանը»։

Սրա հետ մեկտեղ Ֆուկույաման ասում է, թե նույնիսկ ռուսական բանակի այսօրվա ձախողումները այնքան չեն թուլացրել Պուտինի հեղինակությունը, որ հնարավոր լինի խոսել նրա քաղաքական գահավիժման մասին։ Հայտնի քաղաքագետը համաձայն է տարածված այն մտքի հետ, որ եվրոպական երկրները, որոնք մեծապես տուժում են պատերազմի պատճառով, կարող են հոգնել պատերազմից, եթե այն երկար տևի։

Դիմակայելու համար Արևմուտքում հիմա տարբեր մեխանիզմներ են մշակում։ «Մեծ յոթնյակի» երկրները, մասնավորապես, հայտարարել են, թե պատրաստվում են մեծ կոալիցիա ձևավորել և ռուսական էներգակիրների համար առավելագույն գին սահմանել։ Նախաձեռնության նպատակն է հնարավարություն տալ Ռուսաստանին խուսափել համատարած էմբարգոյից, որպեսզի էներգակիրների շուկայում գները միանգամից չբարձրանան, և մյուս կողմից՝ հնարավորինս նվազեցնել Ռուսաստանի շահույթները, որպեսզի Կրեմլը ավելի քիչ հնարավորություն ունենա պատերազմը շարունակելու համար։

Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ առաջարկին չի համաձայնի և կշարունակի առևտուրը միայն շուկայական պայմաններով։ Այդուամենայնիվ, ըստ փորձագետների, Մոսկվան ստիպված կլինի գնալ բանակցությունների, քանի որ դեկտեմբերից ուժի մեջ է մտնում Եվրամիության, Շվեյցարիայի ու Մեծ Բրիտանիայի էմբարգոն, որով այդ երկրների գործարարներին արգելվում է ռուսական նավթ գնել, ինչպես նաև ֆինանսավորել կամ ապահովագրել դրա մատակարարումը միջազգային շուկաներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG