Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան հավելյալ աջակցություն կտրամադրեն Ուկրաինային


Ռուսաստանը բռնի ուժով Ուկրաինայի քաղաքացիներին տեղափոխում է օկուպացված տարածքներ կամ Ռուսաստանի տարածք, հայտարարում է Human Rights Watch-ը այսօր հրապարակած զեկույցում։

Ընդ որում, իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ բռնի տեղափոխվածները Ռուսաստանում ենթարկվել են զտման և հարցաքննությունների։ «Իր մասշտաբով և համակարգված բնույթով զտման գործընթացը պատժիչ և վիրավորական է», - նշված է զեկույցում։

Մինչդեռ պաշտոնական Մոսկվան ավելի քան կես տարի տևող լայնածավալ ագրեսիայից հետո էլ շարունակում է պնդել, թե այս պատերազմը սկսել է Արևմուտքը։

Սերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ունեցած իր ելույթում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին հայտարարել է. - «Այսօր այն իրադարձությունները, որոնք բոլորը քննարկում են արձակուրդից վերադառնալիս, կապված են Ուկրաինայի շուրջ կատարվող իրադարձությունների հետ և, ճիշտն ասած, հիբրիդային պատերազմի հետ, որը անամոթաբար, բացահայտ, կոպիտ ու ագրեսիվ սանձազերծեց մեր երկրի դեմ հավաքական Արևմուտքը»։

Պաշտոնական Մոսկվան հերքում է ոչ միայն Եվրոպայի կենտրոնում լայնածավալ պատերազմ սկսելու իր մեղքը, այլ նաև շարունակում է պնդել, թե «հատուկ ռազմական օպերացիան» ընթանում է ըստ պլանի։

Մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերը արդեն երրորդ օրն է, հակահարձակման են գնում երկրի հարավում՝ ինտենսիվ հեռահար հարվածներ հասցնելով ռուսական զորքի ռազմավարական դիրքերի ու նյութատեխնիկական ապահովման կետերի ուղղությամբ։

Մոսկվան դեռ երկու օր առաջ, հենց Ուկրաինան հայտնեց հակահարձակումը սկսելու մասին, շտապեց հայտարարել, որ այն տապալվել է։ Մինչդեռ փորձագետները շեշտում են, որ պետք չէ տրվել ռուսական քարոզչական պնդումներին, թե ուկրաինական հակահարձակումը Խերսոնի շրջանում գրեթե ակնթարթորեն ձախողվել է:

Ուկրաինացի ռազմական վերլուծաբան Ռոման Սվիտանի հաշվարկներով, վերջին շաբաթների ընթացքում ռուսական կողմը տարբեր շրջաններից Խերսոն է տեղափոխել նոր ուժեր ուկրաինական հակագրոհը քաղաքի վրա կանգնեցնելու համար. - «Մի քանի շաբաթվա ընթացքում, օգոտսոսի19-ից ռուսները սկսել են նոր ուժեր տեղափոխել Խերսոն Իզյումից, Դոնեցկից։ Նրանք այս պահին Դնեպրի աջ ափին են և կարողանում են ստանալ մեծամասամբ ուտելիք և վառելիք միայն։ Նոր զենք և զինտեխնիկա այստեղ տեղակայված ռուսական ուժերը դժվարությամբ են ստանում։ Որոշ տեղերում դեռ գործում են լաստանավեր, որոնք նույնպես ուկրաինական ուժերի թիրախում են»։

Ջոն Քիրբի
Ջոն Քիրբի

Ուկրաինական հակահարձակմանը զուգահեռ Միացյալն Նահանգները այսօր հայտարարեց, որ պատրաստվում է մեծացնել աջակցությունը։ Առաջիկա օրերին անվտանգության ոլորտում հավելյալ աջակցության մասին հայտարարություն կլինի, երեկ ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ չմանրամասնելով փաթեթի չափը։ Ռուսական պատերազմի մեկնարկից ի վեր Վաշինգտոնն արդեն իսկ 13 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել Ուկրաինային՝ սեփական անվտանգություն ապահովելու համար։

«Մենք պետք է պատրաստվենք երկարատև պատերազմի»

Էմանյուել Մակրոն
Էմանյուել Մակրոն

Ուկրաինային անսասան աջակցության մասին այսօր հայտարարել է նաև Ֆրանսիայի նախագահը՝ ընդգծելով, որ պետք է պատրաստվել երկարատև պատերազմի։ Միաժամանակ, Մակրոնը շեշտել է, որ հաղթանակի համար Եվրոպան պետք է միասնական լինի. - «Մենք պետք է պատրաստվենք երկարատև պատերազմի, և դրա համար պետք է կազմակերպվենք ազգային և եվրոպական մակարդակով, հատկապես երբ խոսքը վերաբերում է էներգետիկայի, սննդի և շատ այլ հարցերի»։

Ֆրանսիայի նախագահը մեկն է եվրոպացի այն փոքրաթիվ առաջնորդներից, որ պատերազմի մեկնարկից ի վեր մի քանի անգամ բանակցել է Ռուսաստանի նախագահի հետ, վերջին անգամ Պուտինն ու Մակրոնը խոսել էին անցած ամիս։ Այսօր Ելիսեյան պալատի ղեկավարը պաշտպանել է այս քաղաքականությունը՝ ընդգծելով, որ երկխոսությունը Ռուսաստանի հետ պետք է շարունակել և թույլ չտալ, որ այս հարցում Թուրքիան դառնա առաջատար. - «Դուք ուզում եք, որ Թուրքիա՞ն լինի աշխարհի միակ երկիրը, որը խոսում է Ռուսաստանի հետ։ Դիվանագետի խնդիրն է խոսել յուրաքանչյուրի հետ, հայտկապես այն մարդկանց հետ, որոնց հետ համաձայն չես։ Ուստի մենք կշարունակենք դա անել՝ մեր դաշնակիցների հետ համագործակցելով»։

Մակրոնը կրկին ընդգծել է, թե Ֆրանսիան չի մասնակցի պատերազմին, բայց և թույլ չի տա, որ Ռուսաստանը հաղթի ու ռազմական ուժով տարածք գրավի՝ պարտության մատնելով միջազգային կարգն ու եվրոպական արժեքները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG