Մատչելիության հղումներ

Հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի նոր հանդիպման մասին պայմանավորվածություն դեռ չկա


Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի նոր հանդիպման մասին պայմանավորվածություն դեռ չկա, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Եռակողմ խմբի վերջին նիստը տեղի է ունեցել հունիսի 3-ին, հետո հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում աշխատանքային հանդիպում են ունեցել համանախագահները:

Հայաստանի փոխվարչապետի տեղեկացմամբ՝ արդեն մեկուկես տարի գործող եռակողմ աշխատանքային խումբը մեկ տասնյակի հասնող նիստեր է անցկացրել, ստեղծվել են երկու փորձագիտական աշխատանքային ենթախմբեր՝ երկաթուղային և ավտոտրանսպորտային փոխադրումների հարցերով։

«Աշխատանքների ընթացքում հաջողվել է կոնսենսուսի գալ Երասխ - Հորադիզ երկաթուղու վերականգնման մասով։ Այս ընթացքում հաջողվել է նաև մոտեցնել դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության մի շարք կարևոր գործառույթների մասով։ Այժմ աշխատանքները շարունակվում են», - նշել է փոխվարչապետը։

Գրիգորյանը ձեռք բերված պայմանավորվածությունների մասին ավելին չի հայտնել։ Ավելի վաղ ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում փոխվարչապետը կառուցողական էր որակել աշխատանքային խմբի գործունեությունը: Մինչդեռ նախքան Գրիգորյանի հարցազրույցը, իր առցանց ասուլիսում վարչապետ Փաշինյանը խոսել էր Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշման մասին, ավելին, եզրակացրել, որ այսպիսով Ադրբեջանը փորձում է «Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորվել»։

«Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների փաթեթային բացման վերաբերյալ այդ առաջարկությունը հրապարակվեց, ադրբեջանական կողմը մերժեց նաև այդ տարբերակը: Ի գնահատականը մեկն է՝ դա արվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար», - նշել է վարչապետը:

Ըստ փոխվարչապետի՝ իր և Փաշինյանի հայտարարություններում հակասություններ չկան. - «Չեմ համարում, որ այստեղ հակասություն կա: Այո, կան հարցեր, որոնց շուրջ չի հաջողվել կոնսենսուսի գալ, կան մերժված առաջարկներ, բայց կա նաև աշխատանքային գործընթաց՝ հարթակ, որտեղ փորձ է արվում լուծումներ գտնել: Ինչ խոսք, սա բարդ աշխատանք է, բայց հույս ունենք, որ այն արդյունավետ կլինի»:

Գրիգորյանը որևէ մանրամասն չի փոխանցել Ադրբեջանը Նախիջևանին կապող ավտոճանապարհի մասին։

Օրերս ռուսական Известия-ն է, հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, գրել է, թե ռուսական կողմը օգնել է Հայաստանին և Ադրբեջանին պայմանավորվել, թե որտեղով է անցնում Ադրբեջանը Նախիջևանին կապող ավտոճանապարհը:

«Մնում է, որ կողմերը համաձայնության գան ընդամենը 6-կիլոմետրանոց հատվածի շուրջ, որը բացակայում է», - թերթին ասել է բանակցություններին մոտ կանգնած բարձրաստիճան մի պաշտոնյա՝ հավելելով՝ այնտեղ լեռներ են և հիմա ռուսական "Автодор"‎ ընկերությունը փորձագետների է ուղարկում, որպեսզի նրանք ինժեներական պարզ լուծումներ առաջարկեն:

Թե կոնկրետ որ կետերով է անցնում երթուղին, անվտանգության ու մաքսային ինչ ռեժիմ է գործելու, թերթը չէր հստակեցրել: Նշվում է միայն, որ ճանապարհը ձգվելու է հայկական կողմից Արաքսի երկայնքով, օգտագործելու են խորհրդային հին ճանապարհները, որոնք մինչև 1992 թվականի Ղարաբաղյան պատերազմը կապում էին Նախիջևանը ադրբեջանական Զանգելանի հետ՝ Հայաստանի տարածքով:

«Ես լայնածավալ պատերազմի հավանականություն այս փուլում չեմ տեսնում». քաղաքագետ

Ու մինչ կողմերը առաջիկայում ծրագրվող հանդիպումների մասին հստակ ամսաթվեր չեն նշում, պաշտոնական Երևանը այս շաբաթ արդեն երկու անգամ հաղորդել է Վայոց ձորի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ասում է՝ եթե Նախիջևանին մոտ այս հատվածի կրակոցները լոկալ ինչ-որ քայլերի հետևանք չեն, ուրեմն Ադրբեջանը փորձում է ազդել բանակցային գործընթացի վրա։

«Ադրբեջանը փորձում է վերադառնալ սահմանային էսկալացիաների գործիքակազմին՝ բանակցային գործընթացի վրա ազդելու ու քաղաքական ինչ-որ դիվիդենտներ շահելու համար: Սա ևս հավանական տարբերակ է: Վարչապետի խոսքերը չեմ կարծում, թե ինչ-որ կերպով արդիական են այս իրավիճակի հետ, վարչապետի վերլուծությունները չեմ կարծում, թե մոտ են իրականությանը պատերազմի վերաբերյալ: Ես լայնածավալ պատերազմի հավանականություն այս փուլում չեմ տեսնում», - նշեց քաղաքագետը:

Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ։ Այս հանդիպմանը բարձր մակարդակով այլ հանդիպումներ չեն հաջորդել։ Իր վերջին առցանց ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, թե ադրբեջանական կողմը չեղարկել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի հանդիպումը, բացի այդ, ըստ վարչապետի, Բաքուն չի արձագանքել արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու Երևանի առաջարկին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG