Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը


Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպման անցկացման վերաբերյալ։

Նիստին ընդառաջ, ըստ հաղորդագրության, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հետ և ողջունել հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։

Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ:

Հանդիպման արդյունքներով պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններին ՝ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններում։

Սա հանձնաժողովների ձևավորումից հետո փոխվարչապետերի երկրորդ հանդիպումն է, սակայն, առաջինը՝ հայ-ադրբեջանական հանձնաժողովների ամբողջական կազմերով: Գրիգորյանն ու Մուստաֆաևն առաջին անգամ հանդիպել էին մայիսին՝ Երասխի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին։

Այսօր Մոսկվա մեկնած հայկական պատվիրակության կազմը 11 հոգանոց է՝ փոխվարչապետից բացի, արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, տարածքային կառավարման փոխնախարարները, ներկայացուցիչներ Զինված ուժերի ԳՇ-ից, ԱԱԾ-ից, Կադաստրի կոմիտեից։ Իսկ ադրբեջանական պատվիրակությունը 23 հոգանոց է։

XS
SM
MD
LG