Մատչելիության հղումներ

Կիևը շարունակում է պնդել, որ ՌԴ քաղաքացիների համար արգելվի շենգեն վիզաների տրամադրումը


Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Պրահայում, 30-ը օգոստոսի, 2022թ․
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Պրահայում, 30-ը օգոստոսի, 2022թ․

Ուկրաինան շարունակում է պնդել, որ Ռուսաստանի քաղաքացիների համար արգելվի շենգեն վիզաների տրամադրումը, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, հավելելով, որ բացառություններ կարող են արվել միայն մարդասիրական նպատակներով՝ Ռուսաստանի իշխանությունների դեմ ակիվ պայքարողներին փախստականի կարգավիճակ տրամադրելու համար:

Կուլեբան ասել է, որ չի կարծում, թե բացարձակապես բոլոր ռուսաստանցիները պատասխանատվություն են կրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների համար, սակայն նաև չի կարծում, թե տեղի ունեցողը միայն «Պուտինի պատերազմն է»:

Ըստ Ուկրաինայի արտգործնախարարի՝ Ռուսաստանի հասարակության մեծ մասը աջակցում է Պուտինին:

Ռուսաստանիցներին շենգեն վիզաներից զրկելու հարցը քննարկվել է նաև Եվրամիության արտգործնախարարների հավաքի ընթացքում՝ Պրահայում:

Միության որոշ երկրներ, ինչպիսիք են Լեհաստանը, Նիդերլանդները և Բալթյան երկրները, ռուսաստանցիներին և բելառուսներին վիզա տրամադրելու լիակատար արգելքի կողմնակից են, այլ երկրներ՝ Գերմանիան և Ֆրանսիան, առաջարկում են փոխզիջումային տարբերակներ, օրինակ՝ վերացնել վիզա ստանալու պարզեցված ռեժիմը:

Սա ենթադրում է, որ շենգենյան վիզան ռուսաստանցիների և բելառուսների համար կթանկանա, կավելանան վիզա ստանալու համար անհրաժեշտ ժամկետները, սակայն, ըստ Գերմանիայի արտգործնախարարի, այսպիսի որոշումը թույլ կտա չպատժել այն ռուսաստանցիներին, որ չեն աջակցում Պուտինի քաղաքականությանը:

XS
SM
MD
LG