13 պետություններից, ներառյալ Չինաստանը, 50 հազար զինվորականներ են մասնակցելու սեպտեմբերի 1-ից 7-ի վարժանքներին։
Թե ինչ կազմով ու սպառազինությամբ է հայկական զորախումբը մասնակցելու, Պաշտպանության նախարարությունից չեն մանրամասնում, տեղեկությունը, ասում են, գաղտնի է։ Հայտնի չէ նաև, թե Ադրբեջանից քանի զինվորական է մասնակցելու։ Երեկ մանրամասներ չի հայտնել նաև Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Ուկրաինայի դեմ շուրջ կես տարի պատերազմող Ռուսաստանից պնդում են, թե զորավարուժությունը որևէ երկրի դեմ ուղղված չէ. - «Այս զորավարժությունները ոչ մի կոնկրետ Պետության կամ ռազմական դաշինիքի դեմ ուղղված չեն և զուտ պաշտպանական բնույթ ունեն»։
Օրերս Ադրբեջանի վարչապետը առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցել էր ԵԱՏՄ երկրների վարչապետերի ընդլայնված նիստին և հայտարարել , որ Բաքուն պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները, որ ԵԱՏՄ երկրները կարողանան օգտագործել Ադրբեջանի տարանցիկ ներուժը. - «Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել նիստին մասնակցելու հրավերի համար։ Օգտվելով առիթից, ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել իմ հարգարժան կոլեգաներ Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինին և Ռոման Ալեքսանդրովիչ Գոլովչենկոյին, ովքեր մեր շփումների ընթացքում ակտիվորեն նպաստել են այսօրվա նիստին Ադրբեջանի մասնակցությանը»։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի գնահատմամբ, այսպիսով խորանում է Ադրբեջանի ներգրավվածութոյւնը ռուսական ինտեգրացիոն գործընթացներին, ինչը մեծ ռիսկեր է պարունակում հայկական կողմի համար. - «Եվ սա, կարծում եմ, դեռևս միայն նախերգանքն է։ Սա առաջին այսպես ասած ծաղիկներն են այդ ինտեգրացիայի։ Դժվար է ասել, թե ԵԱՏՄ-ում, օրինակի համար, Ադրբեջանը ինչ կարգավիճակ ի վերջո կունենա՝ դիտորդի, ասոցացված անդամի թե անդամի, բայց այն, որ ինչ-որ կարգավիճակ կունենա, դա, ըստ իս, ակնհայտ է։ Նույնը վերաբերում է նաև այլ ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում նաև ՀԱՊԿ-ին։ Սա գործընթաց է, որ մեկնարկել է այլևս, դա փաստ է, և որը շարունակվելու է։ Մեզ համար էստեղ կան լրջագույն սպառնալիքներ»։
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետն ասում է՝ Ռուսաստանի համար Ադրբեջանն այժմ կարևոր նշանակություն ունի, և անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է զոհաբերել իր ռազմավարական դաշնակից Հայաստանի շահերը. - «Եթե Ադրբեջանը հիպոթետիկ նախապայման դնի ԵԱՏՄ-ին իր ամբողջական անդամակցության համար Արցախից ռուսական կոնտինգենտի դուրս բերումը, չի կարելի բացառել, որ դա ընդունելի տարբերակ լինի Ռուսաստանի համար։ Այսինքն՝ սա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին լրջագույն սպառնալիք է, և գործընթացը, ըստ իս, նոր միայն մեկնարկում է»։
Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ նիստերին քննարկվում էր դեռ անցած տարվանից։ Այն ժամանակ, սակայն, Հայաստանը ընդդիմացել էր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, թե Երևանը դեմ է արտահայտվել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը։
«Ազատությունը» դեռ անցած շաբաթ էր դիմել կառավարություն՝ պարզելու, ինչու և երբ է փոխվել Երևանի դիրքորոշումը Ադրբեջանի մասնակցության առումով։ Մինչև այս պահը պատասխան չունենք։
Իշխանությունները անարձագանք են թողնում նաև զորավարժություններին դիտորդի կարգավիճակով Ադրբեջանի մասնակցությանը վերաբերող հարցը։ Խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավորները ևս խուսափում են այս հարցին անդրադառնալ։