Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մեր շուրջն ամբողջությամբ տիպիկ Խորհրդային Միություն էր. Մարիուպոլից տեղահանված կին


Վիկտորյա Բելան և իր երկու երեխաները` 13-ամյա Դանիլոն և 8-ամյա Դոմինիկան դեռ մարտին են դուրս եկել ռուսական զորքերով շրջապատված Մարիուպոլից։

Սակայն սեփական երկրի՝ ուկրաինական իշխանությունների կողմից վերահսկվող տարածք նրանք կարողացան մտնել երեք ամիս անց միայն։ Այս ընթացքում ընտանիքը ստիպված էր մնալ Ռուսաստանում, որտեղ, պատմում են, իրենց փորձել են նվաստացնել ուկրաինացի լինելու համար։

«Մենք Մարիուպոլից ենք։ Ինչպես բոլորի, մեր պատմությունը ևս սկսվեց փետրվարի 24-ից, առավոտյան շուտ, երբ արթնացանք պայթյունի ձայնից», - պատմում է Վիկտորյան։

Այդ օրերին Մարիուպոլում ռուսական հրետակոծությունները չէին դադարում, քաղաքում հնարավոր չէր տեղաշարժվել։ 13-ամյա Դանիլոն հենց այդ ժամանակ էր վիրավորվել՝ ականն ընկել էր նրանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա. - «Միայն ոտքս էր վնասվել, բախտս բերել էր, որ ոսկորը չէր վնասվել, այլապես կա՛մ հաշմանդամություն ձեռք կբերեի, կա՛մ գուցե ընդհանրապես ողջ չմնայի»։

«Մենք հիվանդանոցի միջանցքում էինք, հիվանդասենյակի պատուհաններն ամբողջությամբ կոտրված էին, և մենք որոշեցինք գնալ այնտեղ, որտեղ մեր հարազատներն էին: Հասանք Դոնեցկի անցակետ, որտեղից ինչ-որ գյուղ ուղարկեցին։ Մեզ տարբեր խմբերի էին բաժանում։ Մեր մասին տվյալները զինվորականների համակարգիչներում կային, ստուգում էին՝ արդյոք ճի՞շտ էինք ասում, թե՞ ոչ։ Մարդկանց վրայի դաջվածքներն էին ստուգում՝ հասկանալու, թե արդյոք կապ ունեն «Ազով» զորախմբի հետ, աշխատանքի մասին էին հարցեր տալիս։ Մեզ համար կարևոր էր անվտանգ մի վայր հասնել, որ երեխայիս բուժեի», - հավելում է տղայի մայրը։

Ի վերջո, ընտանիքը հասել է Ռոստով, այնտեղից Մոսկվա, տեղավորվել միգրանտների համար նախատեսված ճամբարներից մեկում։

Տեղահանվածների կյանքն այստեղ ընտանիքի մայրն այսպես է բնորոշում. - «Մեր շուրջն ամբողջությամբ տիպիկ Խորհրդային Միություն էր»։

«Ռուսաստանում բոլորը մտածում են, թե Ռուսաստանը լավագույնն է, Ուկրաինան է սկսել պատերազմը», - ասում է Դանիլոն։

Նրա քույրը՝ 8-ամյա Դոմինիկան պատմում է. - «Մի տղա ինձ ասում էր ՝ ռուսները չեն սպանում երեխաներին։ Իսկ ես ասացի՝ իսկ այդ դեպքում ինչո՞ւ է իմ եղբայրը վիրավոր։ Ինքը պատասխանեց՝ բայց նա չի մահացել, չէ՞։
Ռուսաստանը պատերազմի կողմնակից է, ռմբակոծել է իմ ողջ քաղաքը, սպանել է իմ շանը... Ինձ ասում էին՝ դու գիտե՞ս, որ դու հիմա ոչ թե ուկրաինացի ես, այլ ռուս։ Դու գիտե՞ս, որ Մարիուպոլը հիմա Ռուսաստանին է պատկանում է, և ոչ թե Ուկրաինային։ Ես ասացի՝ ռուսները գուցե գրավել են, բայց դա չի նշանակում, որ ես ռուս եմ։ Ես ծնվել եմ Ուկրաինայում՝ Մարիուպոլում, դա նշանակում է, որ ես ուկրաինացի եմ»։

Ամիսներ անց նրանց ի վերջո հաջողվել է Ռուսաստանից Ուկրաինա հասնել՝ հայրենակիցներից մեկի օգնությամբ, ում Մարիուպոլի հիվանդանոցում էին հանդիպել։ Պատահական այդ անծանոթն է գումար գտել ու մարդկանց, որպեսզի նրանց Ռուսաստանից Ուկրաինա հասցնեն։ Անցնելով Բելառուսն ու Լեհաստանը՝ ուկրաինացի ընտանիքն այժմ իր հայրենիքում է, ապրում են Լվովում։

XS
SM
MD
LG