Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները կհանդիպեն այսօր՝ Մոսկվայում։
Հանձնաժողովների ձևավորումից ի վեր սա Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն է։ Փոխվարչապետ Մհերի Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը առաջին անդամ հանդիպեցին երեք ամիս առաջ Հայաստան-Ադրբեջան սահմանին Երասխի հատվածում։ Թե այս երեք ամսվա ընթացքում ինչ են քննարկել հանձնաժողովները և կա արդյոք սահմանզատման ու սահմանագծման հարցում որոշակի տեղաշարժ, կողմերը չեն հրապարակում։
Մոսկովյան հանդիպումից էական ու տեսանելի որոշումների մեծ սպասելիք չունի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Հիմքեր չկան այն իմաստով, որ մենք հրապարակային մակարդակում տեսնում ենք կողմերի մոտեցումների և դիրքորոշումների տարբերությունը և շատ հարցերում նույնիսկ քաղաքական սուր տարբերությունը», - ասաց Բադալյանը։
Հանձնաժողովների հանդիպմանը հաջորդելու է երկու երկրների ղեկավարների հանդիպումը Բրյուսեդլում։ Ըստ Բադալյանի՝ բովանդակային քննարկումների ու որոշումների հարցում էական նշանակություն ունի, թե որքանով են փոխկապակցված մոսկովյան ու բրյուսելյան հանդիպումները։
«Եթե լինի այդ փոխկապակցվածությունը, ապա որոշակի արդյունքի հնարավորությունը, բնականաբար, ավելի կմեծանա՝ լինի դա հրապարակային դրսևորվող արդյունք, թե ժամանակի մեջ ավելի կուլիսային զարգացման արդյունք, բայց եթե այդ պրոցեսները լինելու են հակադրության մեջ, կարծում եմ, մեկը մյուսին խանգարելով՝ էլ ավելի կբարդացնի որևէ փոխհամաձայնության հնարավարությունը», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպման օրակարգը հայտնի չէ։ Ի՞նչ հարցեր պետք է առաջ մղի Երևանը։
Ըստ քաղաքական մեկնաբանի՝ վարչապետ Փաշինյանը չի կարող նահանջել իր քաշած կարմիր գծից։ Սահմանազատման գործընթացից առաջ Ադրբեջանը պետք է Հայաստանի սուվերեն տարածքից՝ Գեղարքունիքից ու Սյունիքից հետ քաշի զորքերը։ Այս պահանջը Երևանի համար պետք է անբեկանելի լինի։
«Դուրս գալու պրոցեսի վերաբերյալ կարող են լինել քննարկումներ, եթե փոխհամաձայնություն լինի սահմանազատման գործընթացի վերաբերյալ, բայց էստեղ շատ կարևոր է հասկանալ, թե այդ սահմանազատման գործընթացն ինչպես է տեղի ունենալու, ինչ սկզբունքներով, իրավական ինչ նորմերի շրջանակում, ինչպիսի միջնորդական կամ խորհրդատվական ներգրավվածությամբ», - ասաց Բադալյանը։
Ըստ քաղաքական մեկնաբանի՝ սահմանազատման ու սահմանագծման խորհրդատվական հարցերում Ռուսաստանից բացի պետք է ներգրավված լինի նաև Եվրամիությունը։ Այս բալանսի արդյունքում հնարավոր կլինի ապահովել ճկուն միջավայր, որ Հայաստանի շահից կբխի։