Մատչելիության հղումներ

Գրիգորյան-Մուստաֆաև երկրորդ հանդիպումը օգոստոսի 30-ին՝ Մոսկվայում


Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները կհանդիպեն Մոսկվայում օգոստոսի 30-ին, «Ազատությանը» փոխանցեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Սա Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղեկավարած հանձնաժողովների երկրորդ հանդիպումն է։

Գրիգորյանն ու Մուստաֆաևն առաջին անգամ հանդիպել են մայիսի 24-ին։ Փաշինյան-Ալիև մայիսի 22-ի բրյուսելյան բանակցություններից հետո հայտարարվեց Հայաստանում և Ադրբեջանում սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ ստեղծելու մասին։ Մեկ օր անց Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին հանձնաժողովների կազմը։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պարագայում հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների անդամներ են։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի սահմանին։ Նրանք վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը նաև պայմանավորվեցին երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

Սահմանզատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողովների երկրորդ հանդիպմանը կհաջորդի օգոստոսի 31-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումը։

XS
SM
MD
LG