Մատչելիության հղումներ

Երրորդ օրն է՝ պաշտոնական Երևանը չի հստակեցնում Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգը


Երրորդ օրն է՝ պաշտոնական Երևանը չի հստակեցնում՝ 2 օրից կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգում լինելո՞ւ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող աշխատանքային խմբի ձևավորման հարցը։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր՝ բրյուսելյան հանդիպմանն այդ հարցը կհամաձայնեցվի։ Չհերքելով, որ հարցն օրակարգային է լինելու, վարչապետի աշխատակազմից միայն ասել են՝ հանդիպմանը քննարկված թեմաների ու դրա արդյունքների վերաբերյալ կտրվեն տեղեկություններ։

Առաջնորդների հանդիպմանը Երևանի օրակարգը չբացահայտեց նաև Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Իր կարծիքը հայտնեց՝ կարգավորումը պետք է բխի իրողություններից, ոչ թե մեր իղձերից:

«Արդյո՞ք 31-ին տեքստի շուրջ աշխատելու ենք, թե՝ չէ, ես չգիտեմ, տեքստն ինքնին կարևոր է, բայց նաև կարևոր են այն սկզբունքները, որոնց շուրջ պետք է տեքստը ձևավորվի: Մեր կողմը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք բոլոր եղած հարցերի շուրջ խոսելու ու կոմպրոմիսի գալու, որպեսզի կարողանանք, իրոք, տարածաշրջանում ունենալ մշտական բաց սահմաններ, չունենանք իրար նկատմամբ որևէ հավակնություններ, փակենք երկարամյա կոնֆլիկտները», - նշեց Թորոսյանը:

Թե ի՞նչ սկզբունքների հիման վրա են ընթանալու խաղաղության պայմանագրի բանակցությունները, ամիսներ շարունակ պարզ չէ։ Բաքուն Բաքուն իր 5 սկզբունքներին Հայաստանի վեց կետանոց պատասխանն անգամ առաջարկ չի համարում։ Ղարաբաղի հարցը փակված համարելով՝ Հայաստանից պահանջում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջների բացառում, նաև՝ սահմանազատում, դիվանագիտական հարաբերություններ հաստատում, կոմունիկացիաների բացում։

Գարնանը Երևանն ընդունելի համարեց Բաքվի առաջարկները, պատասխանեցին՝ Ադրբեջանից Հայաստանը տարածքային պահանջներ չունի։ Առանց հստակեցնելու՝ ինչ կարգավիճակ են պատկերացնում, շեշտեցին՝ հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

Երևանը նաև դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ Ամիսներ անց հայտնի չէ՝ ինչ են պատասխանել ԵԱՀԿ-ից այդ առաջարկին։

Երբ հրապարկվեց Երևանի պատասխանը Բաքվին, վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը պնդեց՝ Փաշինյանի կառավարությունը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։ Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ամիսներ անց նույնպես առաջիկա բանակցությունների ոչ հայանպաստ ելք է կանխատեսում։

«Էս իշխանությունները փորձում են Արցախի ինքնորոշման իրավունքի ու կարգավիճակի իրավունքի տրամաբանությունը հավասարության նշան դնել Արցախում բնակվող հայերի իրավունքների հետ: Ասել է, թե ի՞նչ ունենք մենք, մենք ունենք ադրբեջանական զինյալներ ՀՀ տարածքում, մենք ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք Ադրբեջանում են՝ գերության կարգավիճակում, դրա մասին մենք որպես նախապայման, նույնիսկ որպես բանակցային կետ չենք քննարկում փաստացի՝ դատելով գոնե պաշտոնական press release-ներից: Մենք չունենք կարգավիճակի, մենք չունենք ինքնորոշման իրավունքի իրացման որևէ գործիք, փաստացի, բանակցային գործընթացում, ու այդպես ունենալով, իմ խորին համոզմամբ, հակահայկական իշխանություններ, մենք գնում ենք բանակցության», - ասաց Մամիջանյանը:

Արցախի հետագա ճակատագիրն ինչպե՞ս են տեսնում. իշխանական Արսեն Թորոսյանը, ինչպես այս ամիսներին իր մյուս, այդ թվում՝ բարձրաստիճան կուսակիցները, կրկին չհստակեցրեց:

«Դժվար է միանշանակ պատկերացնել, թե ինչ կլինի տարիներ հետո, բայց մենք պետք է փորձենք հասնել այնպիսի կարգավորման, որով մեր հայրենակիցները կկարողանան շարունակել անվտանգ ապրել իրենց բնօրրանում, ինչը Արցախն է», - ասաց Թորոսյանը:

Արձագանքելով «Ազատության» հարցին՝ «արդյո՞ք դրա միակ երաշխիքը չէ՝ Ադրբեջանի կազմից դուրս», իշխանական պատգամավորն ասաց. - «Մենք տեսել ենք 30-ամյա պատմություն, երբ որևէ երկիր չի ճանաչել այդ անկախությունը, նույնիսկ ոչնչացման վտանգի տակ լինելու պարագայում, օրինակ, 44-օրյա պատերազմը, և հենց դրանից էլ պետք է դուրս գանք, ելնենք այդ իրողություններից, դա իրողություններից մեկն է՝ արդյո՞ք որևէ երկիր պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը: Եթե պատրաստ է, աշխատենք այդ ուղղությամբ ու հասնենք դրան, եթե պատրաստ չէ, դուրս գանք այդ իրողությունից ու փորձենք էդ իրողությունից բխող լուծումներ գտնել»:

«Եթե հանկարծ արցախյան հակամարտության վերջնական լուծումից շուտ պատրաստ լինի որևէ փաստաթուղթ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որտեղ հիշատակված չլինեն Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի, երեք սկզբունքների ու Մինսկի խմբի ձևաչափերը, մենք ունենալու ենք լրջագույն միջազգային խնդիր», - ընդգծեց Մամիջանյանը:

Ղեկավարների բրյուսելյան հանդիպմանը վաղը՝ ամիսների դադարից հետո նախորդելու է սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը Մոսկվայում։ Հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։ Մինչ այժմ միայն մեկ հանդիպում է եղել, այն էլ նախագահողների՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի միջև՝ հայ-ադրբեջանական սահմանին։

XS
SM
MD
LG