Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կբարձրացնի վիզայի վճարը ռուսաստանցիների համար


Ճամփորդությունների արգելքի փոխարեն Եվրամիությունը կբարձրացնի վիզայի վճարը ռուսաստանցիների համար: Եվրամիության արտգործնախարարներն ամենայն հավանականությամբ համաձայնության կգան ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման պարզեցված ռեժիմի մասին համաձայնագիրը կասեցնելու շուրջ:

Ըստ այդմ, վիզան կարժենա կրկնակի թանկ՝ 80 եվրո՝ 35-ի փոխարեն, դիմումի մշակման առավելագույն ժամկետն էլ կավելանա, հղում անելով բանակցություններում ներգրավված աղբյուրներին՝ հայտնում է Financial Times թերթը:

Օգոստոսի 30-31-ը Պրահայում տեղի կունենա արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպումը, որտեղ էլ պետք է նման որոշում կայացվի: Հանդիպմանը քննարկվելու է բալթյան երկրների առաջարկը՝ ամբողջությամբ դադարեցնել շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին: Նման դիրքորոշում ունի նաև Ուկրաինան:

Միաժամանակ, նախաձեռնության դեմ են արտահայտվել Արևմտյան Եվրոպայի երկրների և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները:

Bloomberg-ն էլ հայտնում է, որ վիզաների դյուրացման համաձայնագրի կասեցումը՝ որպես փոխզիջումային տարբերակ, առաջարկել է Չեխիան: Գերմանիան և Ֆրանսիան, գործակալության հաղորդմամբ, նախարարների այդ հանդիպմանը հանդես կգան համաձայնեցված դիրքորոշմամբ առ այն, որ պետք է շարունակել վիզաներ տրամադրել Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք կապված չեն Ռուսաստանի կառավարության հետ:

Եվրամիության և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը ստորագրվել է 2007 թվականին: Պաշտոնական պատվիրակությունների անդամների համար նախատեսված այս փաստաթղթի մի մասն արդեն կասեցվել է փետրվարի վերջին: Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Եվրամիության մի շարք երկրներ դադարեցրել կամ սահմանափակել են վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին՝ նման միջոցներ արդեն ձեռնարկել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Ֆինլանդիան ծրագրում է նրանց միանալ սեպտեմբերին, Լեհաստանը նույնպես դիտարկում է այդ հնարավորությունը:

Այս երկրները կողմ են նաև ռուսներին տուրիստական շենգենյան վիզաների տրամադրման ամբողջական արգելքին, մինչդեռ Եվրամիության մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Ֆրանսիան և Պորտուգալիան, չեն պաշտպանում այս գաղափարը:

Ռուսաստանցիներին վիզաների տրամադրումն արգելելու գաղափարը չի պաշտպանել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:


XS
SM
MD
LG