Ռուսաստանյան «Գազպրոմ»-ը հայտարարում է, որ չի կարող երաշխավորել Եվրոպայում գազի մատակարարումները՝ «իր վերահսկողությունից դուրս արտակարգ հանգամանքների պատճառով»։ Այս մասին հայտնում են Reuters-ը և Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության նամակը:
Խոսքը «Հյուսիսային հոսք 1» գազատարով Գերմանիա և մի շարք այլ երկրներ գազի մատակարարումների մասին է։ Լրատվամիջոցների տվյալներով՝ «Գազպրոմ»-ի նամակը ստացվել է չորս օր առաջ, սակայն վերաբերում է մատակարարումներին հունիսի 14-ից սկսած։
Energy Aspects խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Թրևեր Սիկորսկին Bloomberg-ին ասել է՝ ֆորսմաժորի մասին հայտարարությունը կարող է վկայել այն մասին, որ «Գազպրոմ»-ը չի նախատեսում հուլիսի 21-ին վերսկսել գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1»-ով. այդ օրն ավարտվում է գազատարի պլանային տեխսպասարկումը։
Հունիսի 16-ից «Գազպրոմ»-ը 60 տոկոսով կրճատել է «Հյուսիսային հոսք1» գազատարով մատակարարումները՝ որպես պատճառ նշելով գազի պոմպակայանների բացակայությունը․ դրանք արգելափակվել էին Կանադայում։