Մատչելիության հղումներ

«Միջանցքային տրամաբանության գլխավոր շահառուն՝ Ռուսաստանը, չի համաձայնելու». փորձագետը՝ 3 անցակետի նախագծի մասին


Ադրբեջանի հետ սահմանին երեք նոր անցակետ տեղադրելու Հայաստանի որոշումը, որը դեռ նախագիծ է, «ըստ էության, պաշտոնական Երևանի փորձն է՝ խուսափելու միջանցքային տրամաբանությունից և Մեղրիում այդ չարչրկված միջանցքի թեմայից»: «Ազատությանը» տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը:

«Երբ վարչապետը ասում էր՝ երբ ուզում եք, գնացեք, [եկեք], հիմա փաստորեն դրա միս ու արյուն ստանալու պրոցեսն է, որ, ըստ էության, մաքսակետ է դրվում նախկին Քարվաճառ տանող ճանապարհի վրա Վարդենիսում և Երասխում ու առաջարկվում է Վայոց ձորով, այսինքն՝ Վարդենիսից մտնեն Վայոց ձոր, Սելիմի լեռնանցքով բարձրանան դեպի Երասխ և Երասխից մուտք գործեն Նախիջևան», - նշեց Քոչինյանը:

«Բնականաբար, Ադրբեջանը կամ Թուրքիան, կամ իրականում նաև Ռուսաստանը սրան չեն համաձայնելու, սա, ըստ էության, Հայաստանի ինչ-որ փորձն է, ճիգն է՝ ինչ-որ այլընտրանք տալու միջանցքային տրամաբանությանը, բայց, ըստ իս, միջանցքային տրամաբանության գլխավոր շահառուն, որը, ըստ իս, Ռուսաստանն է, չի համաձայնելու սրան», - ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետը՝ մանրամասնելով. - «Ինչո՞ւ է ըստ իս Ռուսաստանը՝ որովհետև ճանապարհը կամ միջանցքը, որի մասին խոսվում է, այդ ճանապարհը լինելու է ռուսական վերահսկողության ներքո՝ սա նախատեսված է [2020 թվականի] նոյեմբերի 9-ի փաստաթղթով, և, ըստ էության, ձեր ռադիոկայանի պատրաստած հաղորդման համաձայն, աշխատանքային տարբերակը հետևյալն է, որ բեռները և մարդիկ պետք է ուղեկցվեն ռուսական [ուժերի կողմից]: Թեկուզ մասնակի, գիտե՞ք, ռուսական, բայց մասնակի ռուսական ուղեկցումը մեր պարագայում նշանակում է ռուսական միջանցք, որովհետև եթե Հայաստանում այդ հավելյալ երաշխիքը ադրբեջանցիները ստանում են՝ թեկուզ մի ռուս սպա, որ իրենց ուղեկցելու է, ապա նմանատիպ երաշխիք հայկական կողմը Ադրբեջանում չի ստանում»:

Վերոհիշյալը, ըստ Քոչինյանի, նշանակում է, որ իրականում խոսքը ոչ թե կոմունիկացիաների բացման, այլ՝ ադրբեջանցիների համար հավելյալ անվտանգային երաշխիքներով կոմունիկացիաների բացման մասին է:

«Սա ինչի՞ է պետք հիմա Ռուսաստանին. առաջինը՝ սա բավականին լուրջ ազդեցության լծակ է Ադրբեջանի վրա, և երկրորդը՝ սա հնարավորություն է՝ ստանալու ճանապարհ, որը որ Արևմուտքի կողմից որևէ կերպ չի վերահսկվի և որը կկապի Ռուսաստանը Թուրքիայի հետ: Իսկ այսօրվա սանկցիոն Ռուսաստանում, որի համար հիմնական այլընտրանքը շուկայական, կարծես թե, կամաց-կամաց դառնում է Թուրքիան՝ իրենք պլանավորում են եկող տարի 100 միլիարդ դոլարի հասցնել առևտրաշրջանառությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, սա շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է», - ընդգծեց փորձագետը՝ հավելելով. - «Եվ պատահական չէ՝ դեռևս չէին դադարեցրել կրակը Արցախում, նոր էր ստորագրվել, երբ որ Ռուսաստանի վարչակազմը արդեն սկսել էր խոսել կոմունիկացիաների բացման անհրաժեշտությունից: Այսինքն՝ այդ կոմունիկացիաների բացումն ունի լուրջ նշանակություն Ռուսաստանի համար»:



Անցած շաբաթ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է 3 նոր սահմանային անցակետերի բացում: Դրանցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևան։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG