Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը. Արեգ Քոչինյան


«Ազատության» հյուրը Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանն է

«Ազատություն». - Ինչո՞ւ այսպես ծավալվեցին իրադարձությունները Լաչինում։

Քոչինյան. - Այդպես ծավալվեցին, որովհետև շատ տրամաբանական զարգացում է և կանխատեսելի զարգացում է։ Ըստ էության, էս զարգացումները հայտնի էին դեռևս ամսի 9-ի հայտարարությունից։ Սա ամբողջությամբ կանխատեսելի և հասկանալի զարգացում է։ Կանխատեսելի և հասկանալի է նաև՝ հաշվի առնելով մեր իշխանությունների որոշակի սպեցիֆիկան. ցանկացած հարց բերել-հասցնել դանակը ոսկորին, էսպես ասած, արհեստական լարում ստեղծել, որպեսզի զիջումները էդ լարման ֆոնի տակ հնարավորություն ունենալ անցկացնելու։ Այսինքն՝ հայտնի է, որ Լաչինը և դրա շրջակա բնակավայրերը հանձնվելու են, բայց դրանք հանձնելուց առաջ լավ կլիներ, օրինակի համար իշխանության վերարտադրության կամ իշխանության լեգիտիմության վերարտադրության տեսանկյունից, աղմուկ բարձրանա, բռնություն լինի, թեկուզ մարդ զոհվի, բայց հավելյալ ապահովագրություն, էսպես ասած, լինի, թե ինչու են այդ հերթական զիջումները արվում։ Առաջինը բովանդակության առումով, որովհետև կա նոյեմբերի 9-ի հայտարարություն, որով սա նախատեսված է, իսկ ձևի առումով, թե ինչու այս ոճով էս ամեն ինչը տեղի ունեցավ, իշխանությունների սպեցիֆիկայից է։

«Ազատություն». - Չե՞ք չափազանցնում արդյոք։ Վարչապետը իր վերջին հարցազրույցում ասում էր, որ, այո, պետք է տանք Լաչինի շրջանի հայկական բնակավայրերը, բայց դրա համար ժամանակ կա, պայմանագրով նախատեսված է երեք տարում դեռ նախագիծ, էդ նախագիծն էլ դեռ չկա։

Քոչինյան. - Երբ որ հայտարարությամբ նախատեսված է դա, բայց դու տեսնում ես, որ հակառակ կողմը ճանապարհը կառուցում է այդպիսի առաջանցիկ տեմպերով, հարց չի՞ առաջանում՝ իսկ ինչի՞ է ինքը էդպիսի տեմպերով կառուցում։ Կամ երբ որ ճանապարհը կառուցի-ավարտի, ձեռքերը ծալելու ա, նստելու ա սպասի, թե երբ դու կբարեհաճես ճանապարհի քո հատվածը կառուցել կամ նախագծել, կամ և այլն, և այլն... Այսինքն՝ ակնհայտ էր, որ իրավիճակը գնալու է լարման։ Եթե ինքը ճանապարհը կառուցում է, դու չես կառուցում, եթե ինքը ժամկետների մասին բանակցային գործընթացի ներսում հայտնում է, դու դրան որևէ կերպ չես արձագանքում, և այլն, և այլն, և այլն... Անգամ էնտեղ վիրավորական Հայաստանի համար բաներ կան, որ Ալիևը իր հարցազրույցներից մեկում ասում էր՝ էդ տասնմեկ կիլոմետրը մենք առաջարկել ենք Հայաստանին, մենք գանք կառուցենք, գնանք, մեր համար էդ խնդիր չէ, Հայաստանը հրաժարվել է։ Բայց կանխատեսելի էր, որ նման լարում լինելու է։ Որևէ քայլ ըստ էության չի արվել էս լարումը կանխարգելելու համար։

«Ազատություն». - Բայց չկար, չէ՞, հաստատված նախագիծ։ Էդ տրամաբանությամբ ստացվում է, որ ամեն անգամ ուժի սպառնալիքով ինչ ասեն, Երևանի պիտի համաձայնի։ Թղթում գրված է՝ հաստատվեր նախագիծ, հետո նոր ռուսները կքաշվեին էս նոր ճանապարհին։

Քոչինյան. - Ինչ վերաբերում է որոշումները կատարել-չկատարելուն, երբ որ նոյեմբերի 9-ով էդ որոշումները կան, ապա դրանք կատարվելու են։ Այստեղ, ըստ էության, խնդիրը ժամկետների և դրանց կատարման ձևի մասին է։ Ինչ վերաբերում է էդ որոշումների կատարման և ձևի մասին, պետք է ֆիքսենք ընդամենը մեկ բան՝ ուղիղ հարաբերությունները եկել-կանգնել են մի կետի վրա։ Ադրբեջանը ամեն ինչին, ինչ որ ուզում է հասնել, հասնում է ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով։ Հիմա մենք սրան ի՞նչ ենք կարողանում հակադրել։ Ուժ հակադրել չենք կարողանում, ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, որը որ էնտեղ տեղակայված է, կամ Ռուսաստանի դերը ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերություններում հիմնականում ունի կրավորական կեցվածք։ Այսինքն՝ իրենք գալիս են, մեզ ասում են՝ ադրբեջանցիները ուզում են էսինչ բանը, արեք։ Ադրբեջանցիները ուզում են, մենք դրան չենք համաձայնում, ռուսները մեզ համոզում են, որ դա տանք։ Սրանից ելքը ո՞րն ա, ո՞նց ա հնարավոր էս իրավիճակից դուրս գալ։ Կա լավ տարբերակ, ու կա վատ տարբերակ։ Լավ տարբերակը այն է, որ նոր ուժային կենտրոն է հայտնվում էս խաղի մեջ, էս ձևաչափի մեջ։ Դրա միակ տարբերակը, որ ինձ համար իրատեսական է և լուրջ է ընդհանրապես, Միացյալ Նահանգներն են։ Որովհետև միայն Միացյալ Նահանգներն ունեն նման կարողություններ, ենթակառուցվածքներ և այլն, և այլն։ ԵՄ-ն չունի, ԵՄ-ի մասին ավելորդ է այս թեմայում խոսել։ Բայց Միացյալ Նահանգները մինչև էս պահը մենք տեսնում ենք հայտարարությունների մակարդակում որոշակի մասնակցություն։ Իրավացի են պնդողները, որ էդ հայտարարությունները ակտիվացել են, խորացել են, լրջացել են։ Այո, մենք վերջին ամիսներին տեսնում ենք բավականին ակտիվացում հայտարարությունների մակարդակում։ Դրանք դեռևս շարունակում են մնալ հայտարարություններ, որոնք որ կոնկրետ գործի մեջ որևէ փոփոխություն չեն բերում։ Ինչ վերաբերում ա վատ տարբերակին։ Եթե մենք չենք տեսնում Արևմուտքի, իսկ ավելի կոնկրետ՝ Միացյալ Նահանգների անհրաժեշտ մասշտաբի ներկայություն, ներգրավվածություն, ապա պետք է արձանագրել, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ զիջումներ կորզելը Հայաստանից գործընթաց է, որը շարունակվելու է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG