Եթե որոշում ընդունվի, հայ - ադրբեջանական երեք անցակետերից մեկը, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախագծի համաձայն, շփման գծի անմիջապես հարևանությամբ՝ Նախիջևանին սահմանակից Երասխում կտեղադրվի։ Լուրը գյուղում երեկվանից է տարածվել, անհանգիստ են, այդ թվում՝ Անուշ Մարտիրոսյանը։
«Էրեխեքի խաղը կտրվում, էրեխեքին ո՞նց ենք տանելու մենք դպրոց, բերելու: Տենց չի կարելի, էս Նիկոլը մեր գլխին լրիվ փորձանքներ ա բերում, ոչ մեկ համաձայն չի լինի: Նիկոլի շատ պե՞տքն ա, պետք չի, ինքը պաշտպանված ապրում ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երասխի բնակչուհին:
Չնայած Հայաստանի պաշտպանության նախարարությունը որևէ հայտարարություն չի տարածել, բայց Երասխում պնդում էին՝ երեկ սահմանին կրկին կրակոցներ են հնչել, որոնք լսվել են նաև գյուղում։
«Թուրքին վստահել չի կարելի, թուրքը քանի՞ պայմանագիր ստորագրեց, որ պիտի խաղաղություն լինի, եղա՞վ՝ չեղավ: Երեկ էլի կրակոցներ... անպաշտպան ա էս գյուղը», - նշեց Անուշ Մարտիրոսյանը:
Ռաֆայել Այվազյանը ցույց է տալիս խորհրդային ժամանակներում Նախիջևանի հետ կապող ավտոճանապարհը՝ հենց գյուղամիջով է անցել. - «Գիտեմ, որ էդ ա էղել Սովետի վախտ»: Հիմա պատված է հողի մեծ թմբով։ Փողոցից տեսանելի մասերում, համենայն դեպս, անցակետ չի կառուցվում, գյուղապետարանից հավաստիացրեցին՝ դեռ շինարարություն չկա։ Երբ կսկսվի՝ չգիտեին նաև գյուղացիները, բայց արդեն երթևեկության մանրամասներ էին պատմում՝ ադրբեջանցիները կարողանալու են անխոչընդոտ ելումուտ անել, ռուս խաղաղապահներն էլ ապահովելու են նրանց անվտանգությունը։ Թե ումի՞ց են լսել, չհստակեցրեցին։
«Բեռների անցուդարձի մասին՝ էդ եմ ես լսել: Ադրբեջանցիները կարող են հանգիստ ելքումուտք ունենան, ռուսն ա, էլի իրանց ճանապարհելու», - ասաց Այվազյանը՝ հարցին էլ, թե ինչպե՞ս է վերաբերվում անցակետի հնարավոր բացմանը, արձագանքելով. - «Շատ վատ, որովհետև ստեղ մեր ծնողները, մեր էրեխեքը թուրքի նշանակետի տակ ա լինելու, մեծանալու, ոնց ուզի՝ թուրքը տենց անելու ա էս գյուղի հետ: Կարծում եմ, որ չպիտի բացվի»:
75-ամյա Սուսաննա Միքայելյանը ծանր երկընտրանքի առջև է՝ լավ հիշողություններ ունի մինչև առաջին Ղարաբաղյան պատերազմը դրկից ադրբեջանուհիներից, բայց 92-ին էլ ամուսինը զոհվեց Երասխի պաշտպանության համար՝ նույն ադրբեջանցիների կրակից։
«42 տարեկան ամուսինս զոհվել ա, վաղը իրա արդեն տարին ա՝ 30 տարին: Դեմ եմ, ես չեմ ուզենա բացվի: Վախ ա ընկել մեր սիրտը, վախեցել ենք շատ ուժեղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց տիկին Սուսաննան:
Երկրորդ օրն է՝ իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, քննարկման է դրվել հայ - ադրբեջանական երեք ավտոմոբիլային անցակետերի ստեղծելու նախագիծ, բայց Հայաստանի իշխանությունը մինչ այժմ չի պարզաբանել՝ արդյո՞ք Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերջնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Եթե կառավարությունը հավանություն տա, անցակետերը կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ինչպես նախագծում է նշված՝ ադրբեջանական կողմից դեպի Քելբաջար, Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու:
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) էլ, իր հերթին, նույն այդ վայրերում նոր մաքսային կետեր ստեղծելու ու մաքսային հսկողության գոտիներ սահմանելու նախագծեր է շրջանառության մեջ դրել։
«Ազատություն»-ը կոմիտեից հետաքրքրվել է՝ հայ - ադրբեջանական սահմանին անցակետեր տեղադրելու դեպքում արդյո՞ք գործելու են նույն պայմանները, ինչ Հայաստանի հարևան Վրաստանի ու Իրանի հետ՝ անձնագրային ու մաքսային ստուգում, մաքսատուրքի գանձում և այլն։ Դեռ պատասխան չունենք։
Չնայած ո՛չ խաղաղության պայմանագիր կա Ադրբեջանի հետ կնքված, ո՛չ սահմանազատում է իրականացվել, ո՛չ ապաշրջափակման պայմանավորվածության մասին հրապարակային հայտարարվել, բայց Հայաստանի վարչապետը օգոստոսի 4-ին ադրբեջանցիներին հրավիրում էր մի քանի կետով Հայաստանի սահմանը հատել, ԱԱԾ ու ՊԵԿ ղեկավարներին էլ տալիս հանձնարարական՝ ապահովել Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
Իսկ հայտարարությամբ տարածաշրջանային ապաշրջափակման դեպքում Հայաստանը պետք է երաշխավորի տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև` քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Հաղորդակցության հսկողությունն էլ իրականացնելու են ռուս սահմանապահները։
«Էսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան: Եթե բառացի և տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ: Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Իջևանի հատվածով չէ: Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում: Մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ վաղուցվանից մաքսային ծառայության հսկողություն ունենք», - երկու շաբաթ առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. - «Այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել: Չկա դեպք, երբ որ իրենք գան և ասեն, որ ուզում են հատեն, էդ կապը հաստատեն, և մենք խոչընդոտենք: Այդպիսի դեպք պարզապես գոյություն չունի»:
Չնայած վարչապետը մի քանի ուղղություն էր նշում, որոնք ադրբեջանցիները կարող են հատել, բայց անցակետեր միայն Սոթքում, Երասխում ու Գորիսին մոտ գտնվող Քարահունջում են նախատեսվում․ ինչո՞ւ, արդյոք ադրբեջանցինե՞րն են այդպես ուզել, ինչպես վարչապետն էր նրանց առաջարկել. - «Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն, երթևեկության անվտանգության ապահովում, որտեղ նաև ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք էդ ամեն ինչը կարող ենք և պատրաստ ենք և կապահովենք, որևէ կասկած մենք դրանում չունենք»:
Հայաստանի պաշտոնյաներից որևէ մեկն առայժմ մանրամասներ չի հայտնել արդեն երկրորդ օրը շրջանառվող այս նախագծի մասին, որով փաստացի անկախությունից ու պատերազմներից ի վեր առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի միջև անցակետեր կարող են ստեղծվել՝ թե՛ մարդկանց, թե՛ մեքենաների տեղաշարժի համար։