44-օրյա պատերազմի ընթացում իր կորցրածը դժվար թե Հայաստանը կարողանա հետ բերել դիվանագիտական ճանապարհով, կարծում է ԱՄՆ-ում Հայաստանի նախին փոխդեսպան, քաղաքագետ Արմեն Խարազյան, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության հասնել։
Նրա կարծիքով՝ Բաքվի հետ Հայաստանի ու Արցախի ժողովրդի շահերին համահունչ խաղաղության հասնելու համար Երևանը պետք է ունենա համարժեք պաշտպանական կարողություն։
Ադրբեջանի ու Թուրքիայի կարծիքով հակամարտությունը լուծված է, ասաց քաղաքագետը՝ նկատելով՝ Ռուսաստանն էլ կարծում է, որ հակամարտությունը իր լուծման ճիշտ ճանապարհին է, ճիշտ ուղղով է ընթանում՝ նրանք շարունակում են աշխատել Բաքվի ու Անկարայի հետ և Հայաստանին նաև պարտադրել եղած իրավիճակի հետ հաշտություն։
«Հայաստանն իրականում կապիտուլյացվում է։ էս առումով, ես չեմ տեսնում այս իրավիճակից ելք՝ առանց Հայաստանի կողմից սեփական պաշտպանական կարողությունների վերականգնման։ Միայն այդպես կարող է Հայաստանը տեր կանգնել իր շահերին։ Սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է գնա վերագրավի այն, ինչ ժամանակին Արցախից դուրս ընկած տարածքներ էին և որոնք վերցվել էին կարգավորման խնդրում՝ Արցախի համար բարենպաստ ելք ապահովագրելու համար։ Սա նշանակում է, որ առաջին հերթին Շուշիի, Հադրութի խնդիրը պետք է լուծվի, երկրորդ՝ պետք է լուծվի Հայաստանի ու Արցախի հետ միջև ֆիզիկական կապի խնդիրը և պետք է լուծվի Հայաստանի ու Արցախի ռազմավարական հաղորդակցությունների շարունակականության, անխափանության խնդիրը»,- եզրափակեց նախկին փոխդեսպանը։
Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, որտեղ ներառված կլինի նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ չհստակեցնելով, սակայն, թե Լեռնային Ղարաբաղի համար ինչպիսի կարգավիճակ են պատկերացնում: Երևանը միայն նշում է՝ ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի վերջին հայտարարեց, թե պետք է ակտիվորեն քննարկենք Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը։ Արդյո՞ք սա նշանակում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքում՝ առանց ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման. Անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց՝ նման գաղափար կա։ «Մեծ հաշվով Հայաստանն ընթանում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով», - ասել էր ԱԽ քարտուղարը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս դժգոհել էր՝ թե իրենք արդեն ձևավորել են խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խումբը, մինչդեռ Հայաստանը քայլ չի արել այս ուղղությամբ։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր՝ եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման՝ պնդելով, թե կարգավիճակի մասին չխոսելու բանավոր պայմանավորվածություն կա։
«Կիրակնօրյա վերլուծականի» օգոստոսի 21-ի հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․