Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի հրատապ առաքելություն ուղարկել Զապորոժիեի ԱԷԿ


Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստերից մեկը, հունիս, 2022թ․
Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստերից մեկը, հունիս, 2022թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել անհապաղ ԱԷՄԳ առաքելություն ուղարկել Զապորոժիեի ատոմակայան։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին իր ելույթում զգուշացրել է Զապորոժիեի ատոմակայանում «լուրջ» ճգնաժամի մասին՝ հավելելով, որ ՄԱԳԱՏԷ-ին շտապ թույլտվություն է անհրաժեշտ՝ Զապորոժիեում առաքելություն իրականացնելու համար։

Անվտանգության խորհրդի բոլոր անդամներն աջակցել են Ուկրաինայում ՄԱԳԱՏԷ-ի հրատապ առաքելություն իրականացնելու կոչերին, սակայն հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ, թե ով է մեղավոր հրետակոծության և ով պետք է պատասխանատու լինի առաքելությանն աջակցելու համար։

Երեկ ստեղծված իրավիճակը քննարկելու համարհրավիրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկու կողմերին կոչ է արել դադարեցնել բոլոր մարտերը կայանի մոտ։

Կիևն ու Մոսկվան պարբերաբար միմյանց մեղադրում են Եվրոպայի ամենամեծ ատոմակայանին սպառնացող վտանգի մեջ։

Ուկրաինական Energoatom գործակալությունը հայտնել է, որ երեկ հինգ հարված է հասցվել Զապորոժիեի ատոմակայանի վրա, այդ թվում՝ ռադիոակտիվ նյութերի պահման վայրի մոտ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Զապորոժիեի ատոմակայանի հովացման համակարգերի վնասման մասին։

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը երեկ հայտարարել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծության հետևանքով վնասվել են միջուկային ռեակտորների հովացման համակարգի սարքավորումները, սակայն կարևոր ենթակառուցվածքները չեն տուժել:

XS
SM
MD
LG