Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի միջև «կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»


ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս

ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք կշարունակենք դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության համախոհների հետ, և, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, օգնելու երկրներին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս շփումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Այսպիսով, մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջին մարտերի առնչությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի և վիրավորների։ Մենք կոչ ենք արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կողմերի միջև լարվածությունը թուլացնելու և հետագա սրումը կանխելու համար։ Մենք կարծում ենք, որ լարվածության վերջին աճն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն լուծման անհրաժեշտությունը»,- ասել է Նեդ Փրայսը` ընդգծելով, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում կողմերի հետ աշխատանքը շարունակելուն:

Հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք հնարավորությունների նույն մակարդակը, որ տեսել են երեք շաբաթ առաջ և որքանո՞վ է մարել այդ հնարավորությունը, Փրայսը պատասխանել է․ - «Մենք միշտ գիտակցել ենք, որ սա երբեք գծային գործընթաց չի լինելու: Մենք հավատում ենք, որ շարունակական երկխոսության, շարունակական ներգրավվածության միջոցով, այդ թվում՝ բարձրագույն մակարդակներում, մենք կկարողանանք անել ամեն ինչ՝ օգնելու այդ երկարաժամկետ համապարփակ խաղաղության առաջխաղացմանը»:

Շփման գծում իրավիճակը լարված է օգոստոսի 1-ից։ Օգոստոսի 3-ին արդեն ՊԲ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ: Օրվա ավարտին հայկական կողմը հայտնեց երկու զոհի, 19 վիրավորի, ադրբեջանականը՝ մեկ զոհի մասին:

Շփման գծում լարվածության ֆոնին Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Բաքվի պահանջին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արձագանքեց` նշելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։ Բաքվի պահանջը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում համարեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

XS
SM
MD
LG