Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ իր վրդովմունքն արտահայտելով «տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ արտանետումների կապակցությամբ, որոնք օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանն առնչություն ունենալու հրեշավոր և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսաստանյան կառույցների հասցեին»:
Առանց կոնկրետ հայտարարություններ և դրանց հեղինակներին մատնանշելու՝ Երևանում ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունը պնդում է, որ «դիտարկում է դա որպես ուղղակի սադրանք նման հերյուրանքների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից՝ ուղղված ռուս – հայկական դաշնակցային հարաբերությունների սասանմանը»:
Դեսպանությունը Հայաստանի իշխանություններից ակնկալում է «նման ոչ-բարեկամական դրսևորումների կանխարգելմանն ուղղված քայլեր, ներառյալ՝ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանություններ», և հայտնում է, որ համապատասխան նոտա է հղել ՀՀ արտգործնախարարություն:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավված է ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներում:
Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հաղորդագրության և նոտայի կապակցությամբ «Ազատություն»-ը դիմել է Հայաստանի արտգործնախարարություն, սակայն գերատեսչությունից դեռ չեն արձագանքել: