Առավոտյան ժամը 8։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի․ «Ազատությանը» փոխանցեց Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Գարի Արմաղանյանը՝ նշելով, որ քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։
Նրա խոսքով՝ 4 զոհի ինքնությունը պարզված է՝ Միսակ Մարգարյան՝ ծնված 1964 թվականին, Անահիտ Մխիթարյան՝1967թ․, Ջեմմա Նազարյան՝ 1960թ․, Գայանե Ավետիսյան՝ 1966թ,
«Երկու քաղաքացու՝ մեկ կնոջ և մեկ տղամարդու, անձերը դեռ պարզված չեն», - ասաց ԱԻՆ փոխգնդապետը։
Վկայակոչելով 911-ի թեժ գծին ստացված զանգերը՝ Արմաղանյանն ասաց, որ անհետ կորած քաղաքացիների թիվը 16-ն է։
«Այս պահին հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Քանի որ տեղանքը մատչելի չէ, հրդեհին մոտենալու տարբերակներ չկան, այրվող նյութերն էլ բավականին շատ են, այդ պատճառով հրդեհը դեռ չի հաջողվում մարել, դրա համար դեռ հրդեհի մեկուսացում չկա, աշխատում են 6 ուղղությունով», - ասաց փոխգնդապետը։
Խոսելով տուժածների մասին՝ Գարի Արմաղանյանն ասաց, որ Երևանի ԲԿ-ներ են դիմել 56 քաղաքացի 28-ը շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, մնացած 28-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։
«Հղի կնոջ և 5 տարեկան երեխայի տվյալները մենք ունենք մեր անհետ կորածների ցուցակում, իրենցից նորություն դեռ չունենք», - ասաց փոխգնդապետը։