Մատչելիության հղումներ

Վրացական ընդդիմությունը պահանջում է ռուսների համար վիզային ռեժիմ սահմանել. իշխանությունը համաձայն չէ


Օկուպանտ երկրից այցելուների հոսքը վերահսկողությունից դուրս է. ընդդիմություն

Ռուս զբոսաշրջիկների հոսքին զուգահեռ Վրաստանում ահագնանում են հակառուսական տրամադրությունները: Ընդդիմությունը պահանջում է ռուսների համար վիզային ռեժիմ սահմանել, ի պատասխան` գործող իշխանությունները հիշեցնում են, որ ռուսաստանցիները երկիր ազատ ելումուտ են անում ընդդիմության առաջնորդ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շնորհիվ և նրա որոշմամբ։

Վերջին շաբաթներին դեպի Վրաստան ռուս այցելուների նոր հոսքի ֆոնին` վրացական սոցցանցերը հեղեղված են ռուս զբոսաշրջիկների վարքագիծը քննադատող մեկնաբանություններով։ Ֆեյսբուքում ակտիվորեն տարածվում է «Պուտինը մարդկանց սպանում է Ուկրաինայում, իսկ ռուսները Վրաստանում խաչապուրի են ուտում» գրությամբ պաստառի լուսանկար։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը իշխանություններից պահանջում են ռուս այցելուների համար վիզային ռեժիմ սահմանել:

«Օկուպանտ երկրից այցելուների հոսքը վերահսկողությունից դուրս է»,- հայտարարել է ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը` կառավարությանը կոչ անելով վիզային ռեժիմ սահմանել, թեկուզ պարզեցված ընթացակարգեր ռուսների և բելառուսների համար։ Համացանցում այդ պահանջին մի քանի ժամում ավելի քան 20 հազար մարդ է միացել։

«Համապատասխան գերատեսչությունները չեն կարող և չեն վերահսկում օկուպացիոն երկրից մեր տարածք ժամանող քաղաքացիներին», - պնդում է ընդդիմադիր ուժը` առանց թվարկելու ռուս զբոսաշրջիկներից բխող վտանգները։

Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկվել է 2011 թվականին՝ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք՝ «զբոսաշրջության զարգացման նպատակով»։ Ռուսաստանը Վրաստանի հետ ունի վիզային ռեժիմ 2000 թվականից, որը գործում է մինչ օրս։

«Ռուս զբոսաշրջիկներին հավելյալ սպառնալիք դիտարկելը սովորական պոպուլիզմ է»

«Ռուս զբոսաշրջիկներին հավելյալ սպառնալիք դիտարկելը սովորական պոպուլիզմ է, որը վերածվել է այլատյացության», -ի պատասխան ընդդիմախոսների պահանջի` հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ինչպես մոտ հարյուր այլ երկրների քաղաքացիներ, ռուսները ևս կարող են Վրաստան մուտք գործել առանց վիզայի և մնալ մինչև մեկ տարի: Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ Թբիլիսի տեղափոխվեցին Ուկրաինայի պատերազմի ֆոնին՝ պաշտպանվելու այլակարծության դեմ կառավարության աննախադեպ ճնշումներից և միջազգային պատժամիջոցների հետևանքներից։

«Մեզնից պահանջում էին իրենց հետ ռուսերեն խոսել, վիրավորում էին», պատմել է բարի ղեկավարը

Եվ մինչ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում, ռուսները Վրաստանում վայելում են իրենց ամառային հանգիստը` հաճախ գրգռելով տեղացիների նյարդերը։ Համացանցում տեսանյութեր, լուսանկարներ են տարածվում, թե ինչպես են ռուսները առանց հարցնելու ռուսերեն խոսակցություն սկսում, բարձրաձայն ռուսական երաժշտություն լսում:

Այցելուների մեծ ներհոսքի ֆոնին խորացել են նաև տնտեսական խնդիրները՝ բարձր գնաճ պարենի, անշարժ գույքի շուկաներում։ Ռուսաստանցի հյուրերի նկատմամբ դգհոհությունը գագաթնակետին հասավ, երբ Թբիլիսիում հայտնի բարերից մեկը առցանց հարձակման ենթարկվեց։ Այդ հաստատությունը որոշել էր սեփական վիզային ռեժիմը սահմանել ռուս այցելուների համար և հստակեցնել, թե քաղաքական ինչ հայացքներ ունեցող անձի են սպասարկում՝ պահանջելով հատուկ հարցաթերթիկ լրացնել, ինչ համար էլ ռուս տրոլների առցանց հարձակմանը ենթարկվեց և մի քանի օրում զրկվեց համացանցում ունեցած բարձր վարկանիշից։

«Մարտին բազմաթիվ հյուրեր ունեցանք, որոնք առաջին անգամ էին այստեղ և չէին հասկանում` որտեղ և ինչի համար են եկել։ Մեզնից պահանջում էին իրենց հետ ռուսերեն խոսել, վիրավորում էին, երբ աշխատողները չէին կարողանում ռուսերեն պատասխանել»,- «Ազատության» վրացական ծառայության հետ զրույցում պատմել է աղմկահարույց սկանդալի կենտրոնում հայտնված բարի ղեկավար Դաթա Լապաուրին` հավելելով. «Մենք որոշել ենք հոգալ մեր թիմի և մյուս հյուրերի մասին և ձերբազատվել այն մարդկանցից, որոնք վիրավորում են մեզ և մեր հյուրերին։ Այդ իսկ պատճառով որոշել ենք «վիզային ռեժիմ» սահմանել»։

Վրաստանի իշխանությունները, սակայն թերագնահատում են ռուսաստանցիների ներհոսքից բխող վտանգները, նման պնդումներ անողներին էլ մեղադրում լարվածություն հրահրելու մեջ:

«Եվ եթե կա ինչ-որ բան, որը վտանգ է ներկայացնում մեր երկրի համար, ապա դա հենց այլատյացությունն է և շովինիստական արշավը», - հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն` հիշեցնելով, որ այս տարի երկիր է ժամանել նույնքան ռուսաստանցի, որքան ժամանել էր նախքան համաճարակը։

Պաշտոնական տվյալների համաձայն` հուլիսի դրությամբ Վրաստանում բնակվում է 110 հազար ռուսաստանցի։ «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» կազմակերպության վրացական գրասենյակի տվյալներով` այս տարի երկրում կտրուկ աճել է ռուսաստանյան բիզնեսի ակտիվությունը՝ մարտից մինչև հունիս գրանցվել է մոտ 6400 ռուսաստանյան ընկերություն։

Ըստ OK Russians ռուսաստանյան հակապատերազմական խմբի հետազոտության` Վրաստանը ռուս էմիգրանտների համար երկրորդ նախընտրելի ուղղությունն է։ Այստեղ է տեղափոխվել երկիրը լքած ռուսաստանցիների ավելի քան 23 տոկոսը։ Այսպիսով Վրաստանը զիջում է միայն Թուրքիային և մի փոքր առաջ անցնում Հայաստանից:

XS
SM
MD
LG