Մատչելիության հղումներ

Հոկտեմբերին կանցկացվի անկախ Հայաստանի 3-րդ մարդահամարը


Հոկտեմբերի 13-ից 22-ը Հայաստանում կանցկացվի մարդահամար, կծախսվի մոտ 1.5 միլիարդ դրամ։

Սա անկախ Հայաստանի պատմության մեջ երրորդ մարդահամարն է։ Հարցաթերթիկներն առաջին անգամ կլինեն էլեկտրոնային տարբերակով, այն կտևի 10 օր, արդյունքները պատրաստ կլինեն 1 տարուց:

Վիճակագրական կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պետ Վարդան Գևորգյանը «Ազատությանը» փոխանցեց, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով մարդահամարը 2 անգամ հետաձգվել է։ Այս տարի առաջին անգամ մարդահամարի համար օգտագործվելու է համակցված մեթոդը:

«Օգտվելու ենք պետական ռեգիստրից, և 25 տոկոս ընտրանքում հարցմունք է կատարվելու, էլեկտրոնային հարցաթերթեր են լրացվելու՝ պլանշետի միջոցով։ Դա նոր է մեզ մոտ։ Նախկինում թղթային հարցաթերթեր են լրացվել և համատարած բոլոր տնտեսություններ հաշվարարն այցելել է, բայց հիմա 25 տոկոսը ընտրանքը կատարվել է ավտոմատ կերպով՝ համակարգչի միջոցով յուրաքանչյուր բնակավայրի, կարելի է ասել, ամեն չորրորդ տնային տնտեսությունը», - ասաց Գևորգյանը։

Ըստ օրենքի՝ մարդահամար անցկացվում է յուրաքանչյուր տասը տարին մեկ, սրանից առաջ Հայաստանում անցկացվել են 2001 և 2011 թվականներին:

Հարցաթերթիկում լինելու են նաև անհատական հարցեր՝ անուն-ազգանուն, ծննդյան օր և այլն: Կհարցնեն քաղաքացիության երկիրը, քաղաքացիության երկրորդ երկիրը, գոյության միջոցի հիմնական աղբյուրները: Հետաքրքրվելու են նաև, թե հարցման պահին մշտապես որտեղ են գտնվում տան անդամները։

«Եթե ճիշտ պատասխանի, ճիշտ գրենք, արդյունքները ճիշտ կստանանք։ Շեղումներ կարող են լինել, առաջին անգամ ենք անում մենք համակցված մեթոդով, որոշ շեղումներ կլինեն վարչական ռեգիստրի և մեր ստացած տվյալների մեջ, կապված, որ վարչական ռեգիստրում զուտ գրանցված անձինք են, իսկ մենք հաշվառում ենք փաստացի բնակվողներին», - ասաց Գևորգյանը։

Կան հարցեր նաև կրթության, առողջության, աշխատանքի, բնակարանային պայմանների, ամուսնական կարգավիճակի, զբաղմունքի և այլնի վերաբերյալ։

Քաղաքացին ընդհանուր առմամբ 39 հարցի է պատասխանելու։ Օրենքը սահմանում է, որ հարցերին պետք է պարտադիր պատասխանեն:

XS
SM
MD
LG