Մատչելիության հղումներ

25 տարում Հայաստանից հեռացել է ավելի քան մեկ միլիոն մարդ


Անկախության 25 տարիներին զգալիորեն փոփոխվել է Հայաստանի ժողովրդագրական պատկերն՝ իր բոլոր բաղադրիչներով, իսկ մասնավորապես մշտական բնակչության թիվը նվազել է ավելի քան կես միլիոնով՝ 579 հազար 400-ով։ Այս թիվը, սակայն, չի արտացոլում արտագաղթի պատկերը, հստակեցնում է Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

«Ես հաշվարկել եմ, որ անկախության 25 տարիների ընթացքում մեր բնակչության բնական հավելաճը կազմել է 440 հազար 800, իսկ նույն ժամանակահատվածում միգրացիան կազմել է 1 միլիոն 10 հազար, և սրա հետևանքով է, որ 25 տարիների ընթացքում բնակչության թվաքանակը ոչ թե միլիոնով է նվազել, այլ 570 հազարով», - ասաց Կույումջյանը։

25 տարում Հայաստանից հեռացել է 1 միլիոն 10 հազար մարդ. այսպիսի ցուցանիշ Ազգային վիճակագրական ծառայությունը ստացել է միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ՝ հաշվի առնելով նաև 2001 թվականի և 2011 թվականի մարդահամարի տվյալները։

Ընկել են նաև ծնելիության ցուցանիշները. եթե 1991-ին Հայաստանում տարեկան ծնվել է ավելի քան 77 հազար երեխա, ապա 2015-ին՝ 41 հազարից փոքր ինչ ավելի։

«Բնականաբար անկախությունից հետո բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները բոլորիս հայտնի, ծնելիության ցուցանիշի անկում արձանագրվեց և այդ անկումը տարեց-տարի ավելանում էր և ուրեմն 77 հազարից ավելի ծնունդից հետո ամենացածր ցուցանիշն արձանագրվեց 2001 թվականին և ամենաբարձր ցուցանիշ ունեցավ 2010 թվականին՝ 44 հազար 825 ծնունդ», - ասաց Կույումջյանը։

Հայաստանում այժմ չի ապահովվում նաև 2 ծնողների այսպես կոչված պարզ վերարտադրությունը. եթե 1991-ին մեկ կնոջ բաժին էր ընկնում միջինում 2.6 երեխա, ապա 2015-ին ընդամենը՝ 1.6։

«91 թվականին այդ ցուցանիշը Հայաստանում կազմել է 2.6, այսինքն, դա մեկ կնոջ հաշվով ծնած միջին ցուցանիշն է։ Այսինքն, այստեղ ոչ միայն պարզ վերարտադրությունն է ապահովել՝ կինն իր ամուսնական զույգին է վերարտադրել և մի քիչ էլ ավելի, իսկ 2015 թվականի մեր նույն ցուցանիշը կազմել է 1.6», - ասաց Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության բաժնի պետը։

Ըստ մասնագետների, անհանգստացնող է նաև Հայաստանի բնակչության ծերացումը, երբ երկրում ծնելիության ցուցանիշները ցածր են, և բնակիչների ընդհանուր թվում աստիճանաբար ավելանում են 63 տարեկանից բարձր մարդիկ. եթե 90-ականներին թոշակառուները կազմում էին բնակչության միջինում մոտ 10 տոկոսը, ապա 2015-ին՝ արդեն 12.6 տոկոսը։

«Այդ ցուցանիշների դինամիկան ցույց է տալիս, որ այո, մեզ մոտ մեծահասակ բնակչության մասնաբաժինն ավելանում է, իր հետևից բերում է բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալական, առողջապահական և այլն, և շատ երկրներում ծերացման կոմպոնենտը երկրները փորձում են օգտագործել ի օգուտ իրենց հասարակության, այսինքն՝ ներգրավել նրանց աշխատաշուկայում», - ասաց Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության բաժնի պետը։

Կույումջյանն ընդգծում է, որ ծերացման այս ցուցանիշների պատճառը ցածր ծնելիությունից բացի նաև կյանքի սպասվող միջին տևողության ավելացումն է։ Եթե 1991 թվականին Հայաստանում միջինում ապրում էին մոտ 70 տարի, ապա 2015-ին արդեն՝ 75 տարի։

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի խոսքով, այս ցուցանիշներից հատկապես մտահոգիչ են արտագաղթի թվերը։

«Ես գլխավոր պատճառների մեջ առաջին պատճառ նշեցի վատ կառավարումը։ Վատ կառավարման խնդիրներից մեկն այն է, որ միգրացիան Հայաստանում գոյություն ունի, որովհետև կառավարման գերակայություն չի նշվել, չի վերցված երկրի զարգացումը, որը շատ տարօրինակ է, և սա նշանակում է, որ կառավարող էլիտաներին Հայաստանի նաև անհրաժեշտ չէ այն ռեսուրսը, որը կարող է երկրի զարգացման հիմքը դառնալ, այսինքն՝ մարդկային ռեսուրսը», - ասաց Թադևոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG