Մատչելիության հղումներ

Իսրայելցիներն ու պաղեստինցիները հրադադար են կնքել


Պաղեստինցիները տոնում են հրադադարի հաստատումը, Գազայի հատված, 7 օգոստոսի, 2022թ.
Պաղեստինցիները տոնում են հրադադարի հաստատումը, Գազայի հատված, 7 օգոստոսի, 2022թ.

«Պաղեստինյան իսլամական ջիհադ» կառույցն ընդունել է Իսրայելի հետ հրադադար կնքելու համաձայնությունը, որը ձեռք է բերվել Եգիպրոսի միջնորդությամբ և տեղական ժամանակով ժամը 23-ին մտել է ուժի մեջ:

Իսրայելի վարչապետի գրասենյակն սոցիալական ցանցի պաշտոնական էջում այդ մասին տեղադրել է կարճ հաղորդագրություն, որում նշվում է, թե Իսրայելը շատ խիստ կարձագանքի հրադադարը խախտելու փորձին:

«Պաղեստինյան իսլամական ջիհադ» կառույցի ղեկավար Զիադ ալ-Նախալահն Իրանի մայրաքաղաք Թեհրանում այսօր առավոտյան տեղի ունեցած մամլո ասուլիսում է հայտնել համաձայնության մասին: Նա նույնպես պնդել է, թե «Պաղեստինյան իսլամական ջիհադը» կվերսկսի պայքարը, եթե իսրայելյան կողմը խախտի հրադադարը:

Զինված առճակատումն անցած ուրբաթ օրն է մեկնարկել: «Պաղեստինյան իսլամական ջիհադը» տեղակայված է Գազայում:

Զիադ ալ-Նախալահը հայտարարել է, թե Իսրայելը նպատակին չի հասել ավելի քան 50 ժամ տևած ռազմական գործողության ընթացքում: Նրա խոսքով՝ կառույցը պայմաններ է ստեղծել իր երկու լիդերներին կալանքից ազատելու համար:

Նա աջակցության համար շնորհակալություն է հայտնել Իրանին և ասել է, թե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը «Պաղեստինյան իսլամական ջիհադի» թշնամիներն են:

Իսրայելի բանակի հաղորդագրության համաձայն, «Պաղեստինյան իսլամական ջիհադն» արձակել է 935 հրթիռ, որոնցից 770-ը հասել են Իսրայելի տարածք: Իսրայելը վնասազերծել է դրանցից մոտ 300-ը, մնացած հրթիռներն ընկել են ոչ բնակեցված շրջաններում: Այդ հրթիռակոծությունների հետևանքով երեք իսրայելցիներ վնասվածքներ են ստացել:

Գազայի հատվածի առողջապահության վարչությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածներից զոհվել է 43 և վիրավորվել է 311 մարդ:

XS
SM
MD
LG