Ռուսաստանի հետ հարցերը նաև դիվանագիտական մակարդակով պետք է կարգավորել, ասում է քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը՝ նկատելով 2000-ականներից Հայաստանի ղեկավարները մոնոպոլիզացրել են իրենց համագործակցությունը Ռուսաստանի հետ և փորձում են հարցերը կարգավորել միայն նախագահի, վարչապետի մակարդակով։
Այսօր էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հարցեր լուծել, փափկացնել, համոզել Վլադիմիր Պուտինին՝ նկատում է Գրիգորյանը՝ շեշտելով Ռուսաստան պետք է ուղարկել նաև դիվանագետների, քաղաքական գործիչների, որ ամեն ինչ կենտրոնացված չլինի Կրեմլում։
«Նույն պրոկրեմլյան փորձագետները, շատերը, ես ուշադիր հետում եմ, այս վերջին Բերձորի, Լաչինի հետ կապված իրադարձությունները, շատերն ասում են բաներ, որոնք ի օգուտ մեզ են միանշանակ, բայց իրենց հետ պետք է աշխատես, բերես Հայաստան, որ մի քիչ այդ շարժը սկսվի՝ էդ հարաբերությունների, ամեն ինչ կենտրոնացված չլինի առաջին դեմքերի մակարդակով։ Դժբախտաբար դա հիմա չի արվում», - ասաց Գրիգորյանը՝ նկատելով՝ 90-ականներին դա արվում էր։
Ռուսաստանի հետ համագործակցության պլատֆորմը պետք է լայնանա, համոզված է քաղաքական մեկնաբանը։
«Ռուսաստանն ասում է՝ Ադրբեջանն իմ ռազմավարական պարտնյորն է, Ադրբեջանի հետ լրջագույն փաստաթղթեր ստորագրեց Ռուսաստանը փետրվարին ու հիմա՝ էս վերջին ժամանակներս Նարիշկինը՝ հետախուզական հարցերի, անվտանգության հետ կապված։ Պարզ է՝ իրենք այսօր մեզ հետ չեն, ուրեմն պետք է աշխատես աշխարհի հետ, ինչն ինչ-որ չափով հիմա արվում է, բայց պարզ է, բավարար չէ, քանի որ մենք տեսնում ենք հողի վրա Ռուսաստանն այսօր էլ ուժեղ է և միանշանակ հօգուտ Ադրբեջանի է», - ասաց Ստեփան Գրիգորյանը։
Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․