Մատչելիության հղումներ

Կրեմլն արձագանքել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանությանը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը հայտնել է, որ Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների վերաբերյալ Հայաստանի ունեցած հարցերը հնարավոր է պարզաբանել երկխոսության միջոցով:

Այդպես նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների ներկայության և գործունեության վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններին:

Ըստ Կրեմլի խոսնակի, կան եռակողմ փաստաթղթեր, որոնք ելակետ են, և կարևորն այդ փաստաթղթերով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն է:

«Եթե կան հարցեր, ապա անկասկած պետք է տալ դրանց պատասխանները: Հայկական կողմի հետ մեր սերտ կապերը, որոնք առկա են ամենատարբեր մակարդակներում, թույլ կտան պարզաբանել այդ հարցերը»,- նշել է Դմիտրի Պեսկովը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անընդունելի համարեց խաղաղապահների ներկայությամբ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները՝ խիստ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։

Փաշինյանը խոստովանեց՝ սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, բայց գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։ Բաքուն սակայն պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

XS
SM
MD
LG