Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Երևանում՝ Արցախում խաղաղապահ առաքելությունը պատշաճ կատարելու պահանջով


Բողոքի ակցիա Ռուսատանի դեսպանատան մոտ, 5-ը օգոտսոսի, 2022թ․
Բողոքի ակցիա Ռուսատանի դեսպանատան մոտ, 5-ը օգոտսոսի, 2022թ․

«Ռուսաստան, կատարի՛ր քո առաքելությունը» պաստառով՝ Արցախից տեղահանված մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել Ռուսաստանի դեսպանատան առջև։

Նրանք պնդում են՝ եթե ռուսները բավարար ուժ ունեն Ադրբեջանին զսպելու համար, բայց ոչինչ չեն ձեռնարկում, ապա իրենք խաղաղապահներ չեն։

«Եթե Ռուսաստանն այնտեղ է խաղաղապահ առաքելությամբ, պետք է կատարի իր պարտականությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ հավելեց․ - «Ռուսաստանն իր շահերն է պաշտպանում, բայց թող մեր հաշվին չանի»։

44-օրյա պատերազմի հետևանքով իրենց տունը կորցրած արցախցիներն այսօր ընդգծում էին՝ համոզված են՝ արցախահության անվտանգությունը ապահովելու համար միջազգային խաղաղապահ ուժեր են պետք։

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայիրյանը Ռուսաստանի դեսպանին ուղղված իրենց նամակն ընթերցեց։

«Դիմում եմ Վլադիմիր Պուտինին, որ նա լսի ու հասկանա՝ հայ ժողովուրդը հիմար չէ, ու ամեն ինչ լավ հասկանում է։ Երկու երկրների եղբայրական հարաբերություններն այսպես հետագայում չեն կարող զարգանալ։ Պարտավորություն եք ստանձնել, կատարեք», - ասաց ցուցարարներից մեկը։

Ռուսաստանի դեսպանատնից ցուցարարներին լսելու ոչ ոք չեկավ։ Ակցիայի մասնակիցները շարժվեցին Ֆրանսիայի դեսպանատուն՝ այդ երկրից խնդրելով խաղարարար ուժեր մտցնել Արցախ։

Ցուցարարները Ֆրանսիայի դեսպանատան մոտ, 5-ը օգոստոսի, 2022թ․
Ցուցարարները Ֆրանսիայի դեսպանատան մոտ, 5-ը օգոստոսի, 2022թ․

«Որպես համանախագահող ու ժողովրդավար երկիր, Ֆրանսիան բազմիցս է արտահայտվել ի պաշտպանություն արցախահության ինքնորոշման իրավունքի։ Խնդրում ենք Ֆրանսիայի կառավարությունից խաղաղարար ուժեր մտցնել», - ասացին ցուցարարները։

Դեսպանատան աշխատակիցներից մեկն իջավ ցուցարարներին լսելու, տեղահանված արցախցիները նամակ փոխանցեցին ու պահանջեցին հանդիպում դեսպանի հետ։

Դեսպանատնից ցուցարարներին տեղեկացրեցին՝ դեսպանն արձակուրդում է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստի ժամանակ անընդունելի համարեց խաղաղապահների ներկայությամբ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները՝ խիստ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։

Փաշինյանը խոստովանեց՝ սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, բայց գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։ Բաքուն սակայն պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

XS
SM
MD
LG