Ո՞վ է սպանել ուկրաինացի ռազմագերիներին, ո՞ր կողմն է հարված հասցրել գաղութին, որտեղ նրանք պահվում էին․ Մոսկվան ու Կիևը շարունակում են փոխադարձ մեղադրանքները։ Նախ Կիևը, ապա նաև Մոսկվան հայտարարել են, թե ուզում են, որ կատարվածը օբյեկտիվ հետաքննեն միջազգային փորձագետները։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կիրակի երեկոյան հայտնել է, որ Դոնեցկի տարածքում գնտվող Ելենովկայի գաղութն այցելելու թույլտվություն դեռ չի ստացել։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էր հայտնել, թե Մոսկվան պաշտոնապես հրավիրել է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի փորձագետներին՝ հետաքննելու Ելենովկայի քննչական մեկուսարանի վրա հարձակումը։ Ընդ որում, Մոկսվան ընդգծել էր, թե ուզում է լինի օբյեկտիվ դատավարություն։
Կիևն ավելի վաղ Մոսկվայից պահանջել էր՝ թույլ տալ ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի ներկայացուցիչներին մուտք գործել գաղութի տարածք։
ՄԱԿ-ը և Կարմիր խաչն իրենց հերթին հայտարարել են ներկայացուցիչներին Ելենովկա ուղարկելու պատրաստակամության մասին, ՄԱԿ-ը՝ հետաքննության նպատակով, ԿԽՄԿ-ն՝ վիրավորների տարհանման համար։
Հարձակման մասին հայտնի է դարձել հուլիսի 29-ի գիշերը։ Կատարվածի մանրամասների վերաբերյալ անկախ ապացույցներ մինչ օրս դեռ չկան։ Ռուսական պետական լրատվամիջոցները, այնուհետև Reuters-ի լրագրողները, ցուցադրել են ավերված շենքի կադրերը՝ պնդելով, թե սա գաղութի շենքերից մեկն է։
Ռուսաստանի իշխանությունների և անջատողականների տվյալներով՝ հարվածի զոհ է դարձել 53 ռազմագերի, ևս 75-ը վիրավորվել են։ Հուլիսի 30-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր 48 զոհված ուկրաինացիների անուններ։
Մոսկվան պնդում է, թե ուկրաինացի ռազմագերիները սպանվել են ուկրաինական ուժերի արձակած HIMARS-ի հարվածից։
Ուկրաինական կողմը պնդում է, թե գաղութին չի հարվածել և գնդակոծության մեջ մեղադրում է ռուսական կողմին՝ շեշտելով, թե այսպիսով ռուսական կողմը կրկին փորձել է կոծկել ուկրաինացիների նկատմամբ խոշտանգումները։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքով՝ Ելենովկայում ներսից ջերմային պայթյուն է եղել և պայթյունից առաջ բոլոր բանտարկյալներին հավաքել էին մեկ շենքում։ Ավելին՝ Պոդոլյակը շեշտում է, թե պայթյունից առաջ այնտեղից հանել են գաղութի աշխատակիցներին։
Զոհվածների մեջ, ռուսական կողմի տվալներով, միայն ուկրաինացի գերիներ են։