Ուկրաինական ուժերը հարավային շրջանում սաստկացրել են գրոհները և փորձում են վերադարձնել պատերազմի առաջին ժամանակահատվածում կորցրած տարածքները:
Հիմնական թիրախը դարձել է Խերսոնը, որը ռուսները հսկողության տակ են վերցրել փետրվարի 24-ին նախաձեռնած ներխուժումից օրեր անց: Խերսոնի շրջանը սահմանակցում է բռնազավթված և 2014-ին Ռուսաստանի մաս հռչակված Ղրիմին և կարևոր նշանակություն ունի ռուսների համար:
Արդեն ուրվագծվում է ռազմավարությունը, որը կողմերը կիրառելու են առաջիկա շաբաթներին: Ուկրաինացիներն արևմտյան զենքի օգնությամբ ծանր հարվածներ են հասցրել Դնեպրի վրայով գցված երեք առանցքային կամուրջներին, դա էապես սահմանափակել է գետի արևմտյան ափին տեղակայված ռուսական ուժերի մատակարարումը:
Իր երեկվա ուղերձում, որը նվիրված էր Պետականության օրվան, նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ երկիրն ամեն ինչ կանի մինչև վերջ կռվելու համար:
«Մենք կռվելու ենք ապրելու համար և ապրելու ենք կռվելու համար: Մենք վռնդելու ենք թշնամուն մեր տնից, մենք կանգ չենք առնի, մինչև չազատագրենք մեր տարածքի վերջին մետրը, գյուղը, տունը, ջրհորը, բալենին և ուռենին»,- ասել է նախագահը:
Անցյալ տարի նա հուլիսի 28-ն է հռչակել Պետականության օր, քանի որ հենց այդ օրն է Վլադիմիր Մեծի կարգադրությամբ տեղի ունեցել Կիևյան Ռուսիայի քրիստոնեացումը: Այդպիսով Զելենսկին, կարծես, ցանկացել է պատմակրոնական, քաղաքակրթական և մշակութային սահմանազատում անցկացնել և Ուկրաինան հռչակել Կիևյան Ռուսիայի անմիջական ժառանգն, ինչն աներևակայելի վրդովմունք է հարուցել Մոսկվայում:
Մինչդեռ, ռուսները մահաբեր հարվածներ են հասցնում Ուկրաինայի կենտրոնական շրջաններին և մայրաքաղաք Կիևի հարևանությամբ գտնվող ավաններին:
Կիրովոգրադում երեկ 5 մարդ է զոհվել, 26-ը վիրավորվել են Կրոպիվնիցկիում, 15 մարդ վիրավորվել է Կիևի մոտ գտնվող ռազմակայանի հրթիռակոծման հետևանքով:
Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության այսօրվա տեղեկագրում ասվում է, թե ռուսական կանոնավոր ստորաբաժանումների հետ Ուկրաինայի պատերազմին մասնակցում են Կրեմլի հովանավորությամբ գործող «Վագների մասնավոր ռազմական ընկերության» ծառայողները:
Դա, ըստ բրիտանացի փորձագետների, վկայում է Ուկրաինայում տեղակայված ռուսական բանակում մարդուժի պակասի մասին: Նրանք կասկածի տակ են առնում «վագներականների» արդյունավետությունը:
Ուկրաինայում ռուսական ուժերի մոտ կեսը գտնվում է Դոնբասում: Վերլուծաբան Յուրի Ֆյոդորովի համոզմամբ, նրանց առաջնահերթ խնդիրը Բախմուտի և Սլավյանսկի- Կրամատորսկ ագլոմերացիայի գրավումն է:
Բանակի առաջ Վլադիմիր Պուտինի դրած ռազմավարական խնդիրն է գրավել ամբողջ Դոնբասը և Լուգանսկը: Դրանք հետագայում կարող են «ժողովրդական հանրաքվեներով» միացվել Ռուսաստանին, ինչից հետո Կրեմլը կհայտարարի, թե պատրաստ է դրանք պաշտպանել բոլոր միջոցներով, այդ թվում` միջուկային զենքով:
Դա, իհարկե, առճակատման հետագա հնարավոր ընթացքի առավել ծայրահեղական սցենարն է, որը փորձագետները սոսկ տեսականորեն են հաշվի առնում:
Բայց սովորական զենքի կիրառմամբ էլ ռուս-ուկրաինական պատերազմն արդեն տասնյակ հազարավոր կյանքեր է խլել: Ռուսներն այսօր ասել են, թե ուկրաինացիների հարվածից Դոնեցկի շրջանի բանտում սպանվել են մոտ չորս տասնյակ ուկրաինացի ռազմագերիներ:
Այդ մասին հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշնկովը: Ընդ որում նա պնդում է, թե ուկրաինացիներն, իբր, միտումնավոր են HIMMARS տեսակի ամերիկյան համակարգով հրթիռակոծել բանտը, քանի որ այնտեղ պահվող Ազովի գնդի գերեվարված զինծառայողները սկսել են խոստովանական ցուցմունքներ տալ:
«40 ռազմագերիներ սպանվել են, 75-ը` վիրավորվել, այս աղաղակող սադրանքի նպատակն է ահաբեկել ուկրաինացի զինծառայողներին և կանխել նրանց հանձնվելը»,- պնդել է Կոնաշենկովը:
Ավելի ուշ հաղորդվել է, որ առնվազն 53 մարդ է սպանվել: Ուկրաինացիների գլխավոր շտաբը կտրականապես հերքել է մեղադրանքը և հայտարարել է, թե հենց ռուսներն են հրետակոծել Ելենովկայի բանտի շենքը` նպատակ ունենալով մեկ հարվածով վերացնել և՛ ուկրաինացիների գերիներին, և՛ նրանց նկատմամբ անմարդային վերաբերմունքի, կտտանքների և ապօրինի սպանությունների փաստերը, որոնք կարող էին բացահայտվել ապագայում: