Մատչելիության հղումներ

«Այստեղ գործ են առաջարկել». Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքը չի ցանկանում վերադառնալ


Աղինյանների ընտանիքը 15 տարի առաջ Գյումրիից նախ Ֆիզուլի, ապա Մարտունու շրջանի Ջիվանի գյուղ էր տեղափոխվել, որտեղ և ապրում էին մինչև պատերազմը: Պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին են լքել տունը։ Գյուղն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է։

Բոլորի նման 44-ամյա Թամարա Աղինյանն էլ կարծել է, թե այս պատերազմը ապրիլյանի նման շուտ կավարտվի ու կրկին տուն կվերադառնա ամուսնու ու 5 որդիների հետ: «Էս անգամ էլ գիտեինք, թե այդպես կստացվի, բայց, չէ, սարսափելի էր էս անգամ, ավելի ահավոր էր, ու եկավ գյուղապետն, ասաց՝ դուրս եկեք: Մենք դուրս եկանք էն հույսով, որ էլի հետ կվերադառնանք, բայց, ցավոք, չէ: Մեր 15 տարվա ապրուստը չկարողացանք վայելել, թողինք, փախանք: Մեր գյուղում բոլոր ընտանիքներն ամեն ինչ ունեին՝ կահույքը նոր վերցրած, ամեն ինչը, շատ լավ ապրում էինք, բայց նվիրեցինք իրանց եկանք», - ասաց նա:

Ընտանիքը արդեն 3 ամիս է՝ ապրում է ամուսնու ծնողների տնակում. առաջիկայում վարձով բնակարան կտեղափոխվեն. «Բարերարը երեք սենյականոց բնակարան է վարձակալել, որպեսզի կոմունալ հարմարությունները լինեն մեջը ու կահույքով ապահոված: Մի տարվա վարձը մուծել է մեր բարերարը»:

Աղինյանները չեն ցանկանում վերադառնալ Արցախ, չեն կարծում, թե այնտեղ անվտանգ կլինի: «Ես գիտեմ, որ էլ առաջվանը չի լինի, քանի որ այնտեղ արդեն ադրբեջանցիք էլ են բնակվելու, հնարավոր չէ: Սարսափում ենք մենք, ես 5 երեխային չեմ կարա տանեմ ու ընդեղ մեծացնեմ», - ասաց Թամարան:

Ապագայի պլաններ ունեն կազմած: Ամուսինը փորձում է առևտրով զբաղվել, ինքն էլ ժինգյալով հաց կթխի: «Մի քիչ ծրագրեր ունենք էլի, առևտուր կամ ինչ-որ, չգիտեմ, ուզում ենք ժինգյալով հաց թխենք, զբաղվենք: Առաջարկել են գործ, մնում է տեղափոխվեմ, տեսնեմ երեխաներիս մոտ մնացող լինի կամ գնամ աշխատեմ, կամ էլ տանն անեմ այդ գործը», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Արցախում ապրած տարիներին գրեթե ձյուն չտեսած փոքրիկները ժամերով ձնագնդի են խաղում: Արդեն նրանք էլ գիտեն, որ այլևս իրենց գյուղ վերադառնալ չեն կարող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG