Մատչելիության հղումներ

Սենատը Պետդեպին կոչ է անում Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր


Ուկրաինա - Հարազատներն այցելում են ուկրաինացի զոհված զինվորների շիրիմներին, Լվով, 28 հուլիսի, 2022թ.
Ուկրաինա - Հարազատներն այցելում են ուկրաինացի զոհված զինվորների շիրիմներին, Լվով, 28 հուլիսի, 2022թ.

Միացյալ Նահանգների Սենատը քվեարկությամբ միաձայն ընդունել է բանաձև, որով Պետական դեպարտամենտին կոչ է արել Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել ահաբեկչությունը հովանավորող երկիր:

The New York Times պարբերականի փոխանցմամբ` բանաձևում ասվում է, որ Ռուսաստանն է հովանավորել ահաբեկչական գործողությունները Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում:

Նմանօրինակ բանաձևի նախագիծ է շրջանառության մեջ դրվել նաև Կոնգրեսի մյուս պալատում՝ Ներկայացուցիչների տանը: Վերլուծաբանների համոզմամբ` այդ պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեծ հեղինակություն է վայելում Դեմոկրատական կուսակցությունում և, ամենայն հավանականությամբ, հավանություն կտա նախագիծը քվեարկության ներկայացնելու առաջարկին:

Միայն Կոնգրեսի երկու պալատները չեն կարող այդ որոշումն ինքնուրույն ընդունել, քանի որ ըստ գործող օրենքի՝ այն պետք է կայացնի Պետական դեպարտամենտը:

Ռուսաստանն ահաբեկչության հովանավորող ճանաչելու խնդրանքով մայիսի 3-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներին դիմել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:

Այսօրվա դրությամբ Վաշինգտոնի կողմից ահաբեկչությանը սատարող պետություններ են ճանաչվել Սիրիան, Իրանը, Կուբան և Հյուսիսային Կորեան:

Որևէ երկիր ահաբեկչության հովանավորող ճանաչելը գործնականում հանգեցնում է դիվանագիտական կապերի դադարեցման և ենթադրում է կոշտ պատժամիջոցների սահմանում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավելի վաղ այդ նախաձեռնությունն անվանել է «ապուշ միջոց» և զգուշացրել, որ եթե ամերիկյան կողմն ընդունի նման բանաձև, ապա Ռուսաստանը դրան անպայման կտա համարեք պատասխան:

XS
SM
MD
LG