Մատչելիության հղումներ

Նաիրա Հովսեփյանը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ


Դատավորների ընդհանուր ժողովն այսօր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ ընտրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին։ ԲԴԽ-ում այս թափուր տեղն առաջացավ, երբ կառույցի նախագահ, քրեական գործով մեղադրյալ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները հունիսին դադարեցվեցին։

ԲԴԽ անդամ ընտրված Նաիրա Հովսեփյանը հանրությանը հայտնի դարձավ Ազգային ժողովում վերջերս ունեցած ելույթով, երբ խորհրդարանը քննարկում էր Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը. այն ժամանակ նա թեկնածուներից մեկն էր և չընտրվեց:

«Երկրորդ անգամ տղաս տաքսիով մեկնել է ռազմաճակատ: Ինչո՞ւ եմ շեշտում երկրորդ անգամ, որովհետև տղաս իմացել է՝ ուր է գնում, տեսել է պատերազմն իր աչքերով, մասնակցել է Շուշիի պաշտպանությանը և վիրավորվել երեք անգամ: Եղել է վաշտի հրամանատարի տեղակալ», - ասել է Հովսեփյանը:

Դատավորների անկախությունը երաշխավորող կառույցը տասը անդամ ունի, հինգը դատավորներ են, որոնց ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը, մյուսը հինգը` իրավաբան-գիտնականներ, նրանց էլ ընտրում է խորհրդարանը։ Այս պահին, սակայն, ևս երկու տեղ դեռ թափուր է։ Լիպարիտ Մելիքջանյանը այս ամիս հրաժարական ներկայացրեց, քանի որ Վճռաբեկի դատավոր էր ընտրվել, իսկ դա անհամատեղելի է խորհրդի գիտնական-անդամի պաշտոնի հետ։ Հուլիսի 4 -ին էլ առողջական խնդիրները պատճառաբանելով՝ հրաժարական ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Այս ընթացքում խորհուրդը փորձեց, բայց չկարողացավ նախագահ ընտրել, և դատավորների անկախությունը երաշխավորող մարմինը կրկին ժամանակավոր պաշտոնակատարն է ղեկավարում։ Այս խորհրդի դատավոր-անդամ ընտրելու համար դատավորների ընդհանուր ժողովին էր եկել նաև խորհրդի դատավոր-անդամ, Ջհանգիրյան -Վարդազարյան սկանդալային ձայնագրության մասնակից Ստեփան Միքայելյանը։

Ձայնագրության մեջ Ջհանգիրյանը հորդորում էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից` երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։ Միքայելյանը այսօր ընդունեց՝ հանդիպումը ինքն է կազմակերպել և այդ զրույցի մեջ դատապարտելի կամ քրեական ոչինչ չի տեսնում:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս, Միքայելյանը պատասխանեց. - «Եթե ես տեսնեմ դրա անհրաժեշտությունը կա, կանեմ, բայց ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Դատավորների ընդհանուր Ժողովին 268 դատավորից 146-ն էր մասնակցում, ներկա չէր ժողովի նախագահ Ալեքսանդր Ազարյանը։ ԲԴխ դատավոր -անդամի համար առաջադրված բոլոր 4 թեկնածուները կանայք էին, ինչը այս դեպքում օրենքի պահանջ էր: Նաիրա Հովսեփյանի հետ միասին առաջադրվել էին նաև Սյունիքի, Շիրակի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները։

XS
SM
MD
LG