Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը


ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին:

«Ազատություն». - Երեկ հայտարարվեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և, ինչպես ինքն է գրել Twitter-ում, «դրվատել է երկկողմ բանակցությունների արդյունքում առաջացած դրական թափը»։ Վերջին 30 տարիներին մենք տարածաշրջանում դրական տեղաշարժերի մասին բազմիցս ենք լսել, սակայն տեղում իրերի դրությունը դրական առումով այդպես էլ չի փոխվել: Արդյո՞ք պատճառ կա ենթադրելու, որ այս անգամ մենք այլ ելք կունենանք:

Լին Թրեյսի. - Կարծում եմ՝ դուք ճիշտ եք, երբ կենտրոնանում եք պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգի վրա: Դա շատ ջերմ հեռախոսազրույց էր։ Պետքարտուղարը ընդգծել է իր ընկալումը, և ես կարծում եմ, որ դա Միացյալ Նահանգների ընկալումն է, որ մենք պատմական հնարավորություն ունենք առաջընթաց գրանցելու՝ տարածաշրջանում շատ երկարատև հակամարտության կայուն և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ։ Դա չի նշանակում, որ հեշտ է լինելու։ Դուք իրավացի եք, երբ անդրադառնում եք անցյալի շատ ծանր աշխատանքին ու դրան հաջորդած հիասթափություններին: Կարծում եմ, դրանք նախազգուշացումներ են, որ մենք պետք է նկատի ունենանք: Բայց, միևնույն ժամանակ, մենք այլընտրանք չենք տեսնում, քան հետամուտ լինել և աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին՝ ուղիղ բանակցելու և փորձելու հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվ մենք պատրաստվում ենք կենտրոնացած մնալ դրա վրա:

Դիվանագիտական մեծ ներգրավվածություն կա, և ոչ միայն Միացյալ Նահանգներից: Եվրոպական միության մեր գործընկերները ևս ներգրավված են, ինչպես նաև ուրիշներ։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է այս թափը պահպանելու համար, և հասկանալու, որ դրանք բարդ հարցեր են, և լուծումները հեշտ չեն լինի։ Բայց մենք պետք է համառենք:

«Ազատություն». - Հայաստանի վարչապետի հետ զրույցի ընթացքում պետքարտուղարն առաջարկել է Միացյալ Նահանգների աջակցությունը տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական կապերի դյուրացման գործում։ Կմանրամասնե՞ք՝ ինչ օգնություն է առաջարկում Վաշինգտոնը: Կարո՞ղ ենք ավելի շատ ներգրավվածություն ակնկալել ԱՄՆ-ից, այնպես, ինչպես մենք տեսնում ենք ԵՄ կամ Ռուսաստանի դեպքում, որոնք մասնակցում են եռակողմ հանդիպումներին:

Լին Թրեյսի. - Այն, ինչ մենք քննարկում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ, որոշակի տեխնիկական աջակցությունն է, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Մենք շատ ենք կարևորում այդ նպատակը։ Նշեմ, որ մյուս թեման, որին անդրադարձել է պետքարտուղարը, վերաբերում էր Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ ուղղությունը ևս մենք շատ կարևոր ենք համարում: Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք մինչ այժմ արել են Հայաստանն ու Թուրքիան, և երկու կողմերին էլ կոչ ենք անում առաջընթաց գրանցել: Որովհետև մենք տեսնում ենք, որ այս հարցերից շատերը, ի վերջո, փոխկապակցված են և, երբ տեսնում ենք դրական քայլեր մեկ ուղղությամբ, դա կարող է ամրապնդել թափը՝ հասնելու տարածաշրջանում առավել լայն խաղաղության:

«Ազատություն». - Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ երկու կողմերն էլ պայմանավորվել են առաջ գնալ առանց նախապայմանների, այնուամենայնիվ, Անկարան շարունակում է գործընթացը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Այս պայմաններում հաշտեցումն իրատեսական համարո՞ւմ եք:

Լին Թրեյսի. - Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք փորձարկել առաջարկներն ու ներգրավվածությունները, փորձենք ոլորտները, որոնք առանձնացվել են Հայաստանի և Թուրքիայի կողմից։ Մենք նաև տեսել ենք լավ բանակցություններ հատուկ բանագնացների մակարդակով, որոնց արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ սահմանային կետերի բացման վերաբերյալ: Մենք տեսել ենք որոշակի պայմանավորվածություն ուղիղ բեռնափոխադրումների վերաբերյալ: Մանրամասները պետք է մշակվեն, և կարծում եմ, որ այստեղ է, որ մենք կշարունակենք խրախուսել և՛ Հայաստանին, և՛ Թուրքիային առաջընթաց գրանցել և տեսնել, որ առաջընթացն այստեղ, ի վերջո, կարող է իր դրական ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական քննարկումներում:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի վաղը՝ հուլիսի 27-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG