Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հնարավոր է առաջիկայում հանդիպեն. Աղաջանյան


Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հնարավոր է առաջիկայում հանդիպեն։ Այսօր խորհրդարանում հայտարարեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, առանց հստակեցնելու ժամկետները։

«Այո, որքանով տեղյակ եմ նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց ևս պետք է հանդիպում տեղի ունենա երկրի ղեկավարների կողմից: Ժամկետների առումով հստակ չեմ կարող ասել», - ասաց Աղաջանյանը:

Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են մայիսի 22 -ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում, այն ժամանակ հայտարարվել էր, որ առաջնորդները այս ձևաչափով կրկին կհանդիպեն հուլիսին կամ օգոստոսին։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այսօր դրական գնահատեց նաև արտգործնախարարների Թբիլիսիի բանակցությունը, որն Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին երկկողմ՝ առանց միջնորդների հանդիպումն էր։ Հանդիպմանը հաջորդած կոնկրետ պայմանավորվածությունների մասին, սակայն, Էդուարդ Աղաջանյանը ոչինչ չփոխանցեց։

«Բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում», - ընդգծեց Աղաջանյանը:

Միջանցքային տրամաբանությունը մեզ համար ընդունելի չէ։ Այսօր ևս մեկ անգամ պաշտոնական Երևանի դիրքորոշումը վերահաստատեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը՝ մեկնաբանելով նախորդ շաբաթ Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը, որ Թեհրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը:

«Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չի Հայաստանի համար և նաև կարևոր եմ համարում նշել, որ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպայի խորհրդի նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել նաև՝ «Զանգեզուրի միջանցքը» հիշատակելով, Եվրոպայի խորհրդի նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել», - ասաց նա:

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության իշխանական անդամների ասուլիսը նվիրված էր պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությանը։ Պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դժգոհեց, որ միջազգային հանրությանը ուշադրությունը սևեռված է միայն Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա։

Նստաշրջանում ներկայացված զեկույցներում հայկական պատվիրակությունը 3 փոփոխություն է նախաձեռնել, որոնք վերաբերել են Ադրբեջանում պահվող գերիների առկախված խնդրին, մշակութային ժառանգության պահպանմանը, սակայն դրանք չեն ընդունվել:

«Ցավոք, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է կոնկրետ մի կետի վրա, այն է՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները, և ըստ էության, գործնականում կարելի է արձանագրել որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ ԵԱՀԿ տարածաշրջանում այս պահին, կարելի է ասել, հետաքրքիր չէ մեր գործընկերներին: Սա մեզ համար անընդունելի գործելակերպ է», - հայտարարեց Աղաջանյանը:

Հայկական պատվիրակությունն ընդգծել է նաև Արցախի հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում լուծելու կարևորությունը: Պատվիրակության ղեկավարը վստահեցնում է՝ չնայած առաջարկած փոփոխությունները ամբողջությամբ հիմնավորված էին, սակայն ձայների փոքր տարբերությամբ դրանցից և ոչ մեկը չի ընդունվել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG