Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հաշտեցմանը, բայց այս պահին գործընթացի վերաբերյալ որևէ հստակություն չկա


Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել հայ-թուրքական հաշտեցմանը, բայց այս պահին գործընթացի վերաբերյալ որևէ հստակություն չկա, այսօր Գյումրիում պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Կողմերը պետք է դրա պատրաստակամությունն ունենան, և այդ պարագայում Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել, նպաստել հաշտեցման, երկխոսության ջանքերին, բայց կարևորագույնը, որ կողմերի մոտ այդ ցանկությունը, պատրաստակամությունը լինի: Այս պահին իրավիճակն այդ մասով դեռևս հստակ չէ: Նաև մարդիկ պետք է վստահություն զգան հաշտեցման ջանքերի ուղղությամբ, և մեր դիվանագիտական ջանքերը մենք պատրաստ ենք ուղղել դրան», - նշեց դեսպանը:

Տասնամյակներ շարունակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան վերջին երկու ամիսներին պարբերաբար հեռավար ուղերձներ են փոխանակում հարաբերությունների կարգավորման շուրջ։ Նախ Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե Թուրքիայից դրական ազդակներ կան, հետո Թուրքիան նախագահի մակարդակով վերահաստատեց, թե պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Հետո էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետը իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց միևնույն ժամանակ խոսեց Զանգեզուրի միջանցքի մասին՝ պնդելով, որ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։ Պաշտոնական Երևանը իր հերթին հայտարարում է, որ միջանցքային տրամաբանությունը իր համար ընդունելի չէ։

Այսօր Գյումրիում ու Ախուրյանում ամերիկյան ֆինանսավորմամբ հրշեջ փրկարարական ջոկատների շենքերի բացմանը մասնակցող ամերիկացի դիվանագետը նաև ղարաբաղյան խնդրին անդրադարձավ։ Լին Թրեյսին մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ղարաբաղյան հարցը կարգավորված չի համարում և որ բանակցությունների ընթացքում պետք է լուծվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Դեսպանն այսօր դրական գնահատեց օրերս Նյու Յորքում պատերազմից հետո առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների հանդիպումը։

«Օրերս տեղի ունեցան կառուցողական հանդիպումներ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Դրանք մեր գնահատմամբ կառուցողական խոսակցություններ են, և մենք կտեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել, որպեսզի ապահովվի Նյու Յորքում սկիզբ առած այդ կառուցողական խոսակցությունների շարունակականությունը: Մինսկի խմբի համար հակամարտության տևական լուծումը համապարփակ լուծումն է, որը տարածաշրջանի համար խաղաղություն կապահովի», - ընդգծեց ԱՄՆ դեսպանը:

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ֆրանիսկան France 24-ին տված հարցազրույցում ասել էր՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կազմակերպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն առարկություն չի ունենա:

Ալիևի այս հայտարարությանը պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել:

XS
SM
MD
LG