Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:
Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հնարավորությունները հանդիպման օրակարգային հարցերին են եղել:
Ըստ վարչապետի աշխատակազմի` Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները վերոնշյալ ուղղությամբ: Նրանք կարևորել են տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովումը, այդ ուղղությամբ երկխոսության շարունակականությունը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, ինչի կապակցությամբ Դեյվիդ Մքալիսթերը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը ևս կարևորում է Ադրբեջանի կողմից նրանց վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերը այդ ուղղությամբ: